Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավորների մոտ դրական շարժընթաց կա
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողին և Սիսիանի ԵԿՄ անդամին է այսօր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը Մատաղիսում վիրավորվածներին զննել և առաջին բուժօգնություն է ցույց տվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Այնուհետև տուժածներին տեղափոխել են Երևան` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, մասնագիտական բուժօնություն ցուցաբերելու նպատակով։ Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նախարարը հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մասնագետները տեղեկացրել են, որ բուժման արդյունքում դրական շարժընթաց կա և մի քանի օրից նրանց վիճակը նկատելիորեն կբարելավվի։
Արմեն Մուրադյանն այնուհետև այցելել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորներին: Նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով այստեղ տեղափոխվել է երեք վիրավոր, որոնցից մեկը բուժումը շարունակում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Անդրանիկ Աթալյանն արդեն ապաքինման փուլում է, աչքից հեռացվել է երեք օտար մարմին, ինչպես նաև կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում:
Վիրավորը հետվիրակատական բարդություններ չունի:
Դավիթ Սահակյանի մոտ ևս կատարվել է աչքի բարդ վիրահատություն` աչքից հեռացվել է օտար մարմինը: Այստեղ ևս նախարարը զրուցել է հիվանդների հետ` հավաստիացնելով, որ նրանց ապաքինումը մշտական ուշադրության կենտրոնում է, և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու լիարժեք վերականգնողական բուժումը կիրականացվի բարձր մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան