Համանախագահների հանդուրժող կեցվածքի ներքո տեղի էր ունենում Ադրբեջանի առաջխաղացումը. Կ.Բեքարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուռ, հանդուրժող կեցվածքի ներքո տեղի էր ունենում Ադրբեջանի սանտիմետր-սանտիմետր, մետր-մետր առաջխաղացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ կրակել ենք, կրակելու ենք: Մնում էր անարձագանք, մինչդեռ հստակ էր, որ մարդը սկսում է 1994 թվականի զինադադարի իր ստանձնած պարտավորություններն անտեսել: Կամ՝ այո, չեմ համաձայնվում հանել դիպուկահարներին, քանի որ վստահության միջոցները չեն կարող գործել, քանի դեռ իմ տարածքներում առկա է հայկական զինուժ: Սա ինչ է, եթե ոչ հրաժարում 1994 թվականի զինադադարի համաձայնագրից: Կամ՝ համանախագահները ցանկություն ունեն հանդիպել Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Մերժվում է: Տեսնում էր Ադրբեջանը, որ ամեն ինչ մարսվում է, կմարսվի նաև բլից-կրիկը, բոլորը կկանգնեն փաստի առաջ, որ կա նոր իրողություն»,-ընդգծեց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները կանգնեցվեցին, այլապես նախագահ Ալիևն իր ժողովրդին որևէ բան չէր ունենա ցույց տալու, ինչը քաղաքական և ոչ միայն ինքնասպանությունն էր:
«Հստակ էր, որ հայկական կողմն իրականացնում է գործողություններ ողջ իրավիճակը վերականգնելու համար: Հակառակորդը ստիպված եղավ ինչ-որ սանտիմետր արդյունքի վրա հասնել զինադադարի»,- նշեց նա:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավարի խոսքով, այժմ աշխարհի բոլոր մայրաքաղաքներում պատկերացնում են, որ աշխարհի որևէ կետում որևէ հակամարտության առկայության պարագայում կոնկրետ Մինսկի խմբի այս երկրներին՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, միջնորդ ընկալելը շատ բարդ է:
«Միջնորդներն ունեն որոշակի պարտավորություններ, և եթե ռազմական նման գործողությունների, զարգացումների ժամանակ կողքից նայողի դերում են, սա խոսում է նրանց իմիջի, միջնորդական հնարավորությունների մասին»,-հավելեց Կ. Բեքարյանը:
Նրա խոսքով, այս իրադարձություններից հետո ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հանցավոր, որ ԼՂՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խումբը չունենա իր գրասենյակը:
Կ. Բեքարյանը նշեց, որ Մինսկի ընդհանուր խմբի հիմնական առաքելությունն է լինել չեզոք. «Հայաստանի դիվանագիտությունն իր ողջ ներուժով պետք է հասնի նրան, որ Թուրքիան դուրս գա Մինսկի խմբից, քանի որ ի դեմս Թուրքիայի տեսանք երկիր, որ ոչ միայն պատերազմը հրահրողի դերում էր, այլ նաև հրահրում էր շարունակել ռազմական գործողությունները: Թուրքիան օր առաջ պետք է լքի Մինսկի խումբը»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում եմ կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր. Բ. Սահակյան
- Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան
- ԼՂՀ նախագահը Մինսկի խմբից պահանջում է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ
- Համանախագահները վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան