Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՀՀԿ-ական
ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին, որը ղարբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվել էր և Երևանից տեղափոխվել Մոսկվա, անպայման պետք է մասնակցել: Այս կարծիքին է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ես մշտապես ասել եմ, որ մենք բոլոր ձևաչափերով քննարկումներին պետք է մասնակցենք հատկապես այս պարագայում, երբ մեր խնդիրները սրվել են, երբ մենք գիտենք՝ ինչ է կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ինքս համոզված եմ, որ քաղաքական գործիչները իրավունք չունեն նեղանալ կամ բոյկոտել որևէ ձևաչափով, նույնիսկ տնտեսական ձևաչափով քննարկումները», -Panorama.am-ին ասաց տիկին Աճեմյանը:
Նրա խոսքով, Երևանը այս պահին, երբ սահմանին անհանգիստ վիճակ է, շատ բան ունի ասելու «և դաշնակիցներին, և ոչ դաշնակիցներին», հետևաբար գագաթնաժողովը հարմար առիթ կլինի:
«Իհարկե, ՀՀ բարձր ղեկավարության որոշելիքն է մասնակցել-չմասնակցելու հարցը, շատ նուրբ հարց է, և մենք շատ ծանր իրավիճակներում ենք հիմա ու պետք է լուրջ լինեն մեր որոշումները, բայց իմ անձնական կարծիքն է, որ հարկավոր է մասնակցել: Նույնիսկ ԵՏՄ անդամներից շատերը լավ տեղեկացված չեն՝ ինչ է կատարվում սահմանին ու նաև այդ հարցերը բարձրացնելու համար կարծում եմ, մեր ղեկավարությունը պետք է մասնակցի», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների գագաթնաժողովը, որը պետք է կայանար ապրիլի 7-8-ին, Երևանում հետաձգվել էր Ղազախստանի պահանջով այն պատճառաբանությամբ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության պարագայում գագաթնաժողովի անցկացումը կդիտվի որպես հակամարտող կողմերից մեկին աջակցություն:
Դիտարկմանը, թե Ղազախստանը Ադրբեջանի դաշնակիցն է և նրա պահանջով էլ հենց հետաձգվեց նիստը ու տեղափոխվեց դրա անցկացման վայրը, Աճեմյանը արձագանքեց.
«Ես շատ լավ հասկանում եմ և նաև ասեմ, որ մշտապես ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները նշում են, որ դա տնտեսական համագործակցության ձևաչափ է և ոչ քաղաքական: Իհարկե, մեզ համար անհանգստացնող է այս ամենը. մեր դաշնակից ԵՏՄ անդամ երկրները պետք է գային ու մասնակցեին Երևանում գագաթնաժողովին, բայց եթե այդպիսի որոշում է ընդունվելլ, կարծում եմ, մենք էլ պետք է մեր ձայնը բարձրացնենք: Չգնալը չեմ կարծում, որ արդյունքներ մեզ կբերի, հակառակը: Նույնիսկ թշնամու հետ, կարծում եմ, պետք է բանակցել»:
Նշենք՝ վերջին օրերին բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում խորհրդարանականներ կոչ էին արել կառավարության ղեկավարին ստեղծված իրավիճակում չմասնակցել ԵՏՄ գագաթնաժողովին:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյանը Հովիկ Աբրահամյանին կոչ է անում չմասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին
- Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է. РБК
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան