Մեդվեդևի կարծիքով` Ղարաբաղում իրավիճակի վրա ազդում է «թուրքական գործոնը»
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա ազդում են արտաքին գործոնները և ենթադրություն է արել, որ դա կարող է լինել «թուրքական գործոնը»: Այս մասին Մեդվեդևն ասել է «Ռոսիա 24»-ի եթերում` «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման շրջանակներում:
ՌԴ վարչապետի խոսքով` կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին, և Մերձավոր Արևելքում դրա ունեցած ազդեցությանը, ինչպես նաև հակառակը:
«Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդում են այս հակամարտության վրա: Ահա Դուք նշեցիք թուրքական գործոնը: Հավանաբար` թուրքական գործոնը գոյություն ունի թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան իր դիրքորոշումն արտահայտել է»,-ասել է Դ. Մեդվեդևը:
ՌԴ վարչապետի խոսքով` Ակարայից հնչող հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել:
«Հանդարտվելու կոչ անելու փոխարեն, «եկեք կրկին վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ, եկեք նորից քննարկենք, եկեք դադարեցնենք կրակը» ասելու փոխարեն որոշակի գնահատականներ են տրվել: Ինչի՞ համար: Որպեսզի յո՞ւղ լցնեն կրակի վրա»,-ասել է Մեդվեդևը:
Նա նաև հավելել է, որ արտաքին տրամադրությունները նույնպես ազդում են հակամարտության գոտում որոշումներ կայացնելու վրա: Մեդվեդևն ընդգծել է, որ ավելի լավ է հակամարտությունը մնա սառեցված վիճակում, քան փորձել այն լուծել մարդկանց կյանքի գնով:
Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման վերաբերյալ ՌԴ վարչապետն ասել է. «Ոչ մի դեպքում չի կարելի էսկալացիա թույլ տալ, ինչ էլ որ տեղի ունենա, ով ինչ էլ որ սկսած լինի, ինչ դատողություններ էլ լինեն, հիմա գլխավորը հանգստանալն է, կրակը դադարեցնելը, հրադադար հաստատելը և բանակցությունների սեղանի շուրջ նստելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին