Թալիշցի 104-ամյա կինը 4-րդ անգամ է պատերազմ տեսնում
Թալիշիում ապրող Սարգսյանների 10 հոգանոց ընտանիքը ռազմական գործողությունների առաջին օրը գյուղից հեռացել էր երեք ուղղություններով՝ Մարտակերտ, Ստեփանակերտ, Քարվաճառ: Հաջորդ օրերին այս ու այն կողմից լուրեր իմանալով կարողացան գտնել իրար ու հանդիպել Ստեփանակերտում: Ընտանիքի պատմությունը ներկայացրել է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
Տանից Արարատ Սարգսյանն առաջին հերթին հանել է թոռներին, 104-ամյա մորը պարտադրված թողնելով տանը: Հետո տուն է հասել որդին՝ Հայկը:
«Տեսա, բաբոն լաց է լինում»,-պատմում է Հայկը: Ծեր տատուն շալակած վազում է թշնամու կրակի ներքո, մի կերպ հասցնում Մատաղիս:
Հայկա տատիկն իր կյանքի ընթացքում արդեն չորրորդ պատերազմն է տեսնում: Սարգսյանների տունը ավերվել է, բայց ընտանիքի անդամները սպասում են խաղաղության հաստատման, որպեսզի գյուղ վերադառնան, տունը սարքեն:
«Մի բան եմ ուզում, վերադառնանք մեր տուն, չարչարվենք, սարքենք: Ուրիշ բան չեմ ուզում»,-ասում է Անգին Սարգսյանը:
Ընտանիքի մասին պատմող ռեպորտաժը՝ տեսանյութի 21-րդ րոպեից: