Վարդան Դևրիկյան. 18-19 տարեկան զինվորներին ասում ենք «մի վախեցեք»՝ վիրավորվում են
Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ վարչության անդամ գրականագետ Վարդան Դևրիկյանը, ով ապրիլի 3-ին երկրապահների, կամավորականների հետ մեկնել է Արցախ, դեռևս չգիտի, թե երբ են վերադառնալու: Կատակով ասում է՝ «այդ հարցը պետք է Ալիևին տալ», ապա անմիջապես հավելում. «Իհարկե, Ալիևը չէ որոշողը, թե երբ կվերադառնանք, այլ մեր բանակն իր գործողություններով: Կմնանք այնքան, ինչքան որ պետք է»:
Panorama.am-ի հետ զրույցում Վ.Դևրիկյանը զուգահեռներ անցկացրեց 1992-94 թթ. պատերազմի և այս չորսօրյա ռազմական գործողությունների միջև. «Կան մի քանի ընդհանրություններ, երկու էական տարբերություն: Առաջին տարբերությունն այն է, որ 1992 թվականի Մարտակերտի նահանջն անվանվեց Մարտակերտի գաղթ, մարդիկ մտածում էին, որ ընդմիշտ կորցնում են իրենց բնակավայրերն ինչպես եղել է 1915 թվականին: Այս օրերին Թալիշից, Մատաղիսից դուրս եկողներից որևէ մեկի մտքով չէր անցնում, որ գաղթում են: Կազմակերպված էվակուացիա էր, ժողովուրդը գիտեր, որ գաղթ չէ, առաջնային գիծը վերականգնվելու է: Սա ցույց է տալիս, որ գաղթի, գաղթականի հոգեբանությունը մեր միջից դուրս է եկել: Բոլորն էլ հասկանում էին, որ պատերազմ է, կարող է նաև անհաջողություններ լինել, բայց նաև հասկանում էին, որ արդեն պետություն, բանակ ունեցող երկրի կռիվն է, անհաջողությունից հետո կլինեն նաև էական նվաճումներ:
Մարդիկ թողնում էին իրենց տները՝ իրենց հետ տանելով միայն վերմակ ու դոշակ՝ հարևան բնակավայրերում որևէ շենք շինությունում ուղղակի քննելու համար: Այսինքն նրանք վստահ են, որ շուտով վերադառնալու են: Գաղթի ժամանակ մարդիկ չէին տանում իրենց վերմակ և դոշակ, այլ իրենց կահ-կարասին, գորգերը, քանի որ գիտեին, որ այլևս չեն կարողանալու վերադառնալ: Մարդիկ իրենց հոտերը քաշել են ապահով վայրեր, մինչև կվերադառնան: Սպասողական վիճակ է: Շատ մարդիկ նույնիսկ չեն հեռացել իրենց տներից, թեև հակառակորդի հարվածների տակ են գտնվում՝ վստահ լինելով, որ առաջին գիծը չի ճեղքվի:
Ընդհանարությունն այն է, որ հակառակորդն ինչպես այն ժամանակ, այսօր էլ չկարողացավ վախ սերմանալ, կոտրել մեր բանակի, ժողովրդի հավատը»:
Խոսելով կամավորականների այդքան մեծ թվով Արցախ շտապելու փաստի մասին, Վ.Դևրիկյանն ասաց, որ սկզբում մտավախություն ուներ, որ բավարար թվով մարդիկ չեն հավաքվի: «Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, գերազանցեց բոլոր սպասելիքներս: Բարդությունը ոչ թե մարդկանց հավաքելն էր, որպեսզի ավելի փորձառուները կանգնեին մեր 18-19 տարեկան զինվորների կողքին, այլ այնքան շատ էին, որ մի մասին ստիպված ասում էին՝ սպասել Հայաստանում:
Հուզիչ պատկերների ականատես եղա, որոնք գրական պատկերներ, պատմվածքներ էին հիշեցնում: Գյուղերում, դաշտերում աշխատող երկրպահաները, լսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, մեքենաներ էին վերցրել ու եկել Երևան: Այստեղից կարելի է հետևություն անել. այն խոսակցությունները, թե իբրև Հայաստանից հիմնական մարդիկ գնացել են, մնացել են թույլերը, անճարները, սխալ են: Հայաստանում է ամենակենսունակ, ամենամարտնչող հատվածը:
Գալիս էին Արցախյան պատերազմի մասնակիցներ, որոնց թոռները կամ երեխաներն էին բանակում: Նրանք ցանկանում էին գնալ հենց այն հատված, որտեղ գտնվում էին իրենց զավակները: Եկել էին հայր և որդի, ովքեր իրենց հերթին պապ ու հայր էին, երկուսն էլ ուզում էին գնալ նույն ուղղությամբ, որտեղ իրենց զինվորն էր»,- պատմեց նա:
Վ. Դևրիկյանը վստահ է, որ զինվորական այսօրվա գիտելիքները, պատերազմի տարիների փորձը միասին վերցրած՝ պաշտպանական գիծն ավելի ամրացրեցին:
«Մենք տեսանք մի քանի սերունդների ներդաշնակ միասնություն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մարտի դաշտում 18 տարեկան ժամկետային զինծառայողն իրեն զգում էր 40 տարեկան, 50-60 տարեկան կամավորները՝ երիտասարդ:
Վ.Դևրիկյանին զարմացրել է 18-19 տարեկան ժամկետային զինծառայողների ինքնավստահությունը, գործելու կամքն ու վճռականությունը. «Ասում ենք պինդ մնացեք, մի վախեցեք, մի տեսակ վիրավորվում էին: Նրանք կենտրոնացած են միայն առաջնային գծի պաշտպանության վրա, որևէ վաղ չեն զգում, մտածում են միայն՝ ինչպես հակազդել թշնամուն»:
Նա նշեց, որ 18 տարեկանից սկսած մինչև զինվորական բարձր հրամանատարություն, կամավորներ, ուժերը միաձուլած ամրացնում են պաշտպանական գծերը, արժանի հակահարված տալիս թշնամուն: