Մենք զինվորի հետ ենք. Տիգրան Մանսուրյան
«Շատ լավ նախաձեռնություն է, հրապարակային կատարումը նոր իմաստ, բովանդակություն է ստանում, ոչ միայն հարստացնում է երաժիշտների կենսագրությունը, այլ նաև քաղաքն է զարդարում, նոր իմաստ տալիս՝ հատկապես, որ սրա հիմքում կա կորստի ցավն ապրելու և այդ ցավին արձագանքելու, դարման լինելու, օգնելու նախաձեռնությունը»,- Կասկադ համալիրում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի նախաձեռնությամբ կազմակերպված «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգի ժամանակ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Նա նշեց, որ երաժիշտները, լսարանը համախմբվել են ոգու շուրջ, որը ստիպել է հայ ազգին մի քանի օր առաջ ցնցվել. «Ահավաստիկ, մեզ հետ եկել է Կոմիտասն իր հնչողություններով, Արամ Խաչատրյանը, եկել են հայ երաժշտության վարպետները, այսօրվա երաժիշտ կատարողների հրաշալի սերունդը»:
Տ.Մանսուրյանի խոսքով, Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ակադեմիական բարձունքից, դահլիճից իջել է փողոց, հրապարակ, իր ձեռքն է փորձում մեկնել կարիքավոր, ցավ ունեցող ընտանիքներին:
«Մենք միասին ենք, երաժշտությունը մեզ հետ է, որովհետև մենք ոգու ժողովուրդ ենք, մեր զենքը սկսում է այստեղ և տարածվում է մինչև սահման, մինչև զինվորները, որ կանգնած են սահմանի: Մենք զինվորի հետ ենք: Փառք ու պատիվ իրենց»,- ասաց կոմպոզիտորը:
Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում էին Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգին հնչեց գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրենասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումներից: Ելույթներով հանդես եկան մշակույթի հայտնի գործիչներ: Բեմահարթակի մոտ տեղադրված էին արկղեր, որոնց մեջ հավաքված գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան