Ապացուցողական բազան բավարար է Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու համար. Մարուքյան
Արցախի և Հայաստանի խորհրդարանականները հաստատակամ են միջազգային ասպարեզում Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:
Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Արցախի Ազգային ժողովում երեկ տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը:
Ըստ պաշտոնական լրատվության, նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:
Մարուքյանը փոխանցեց, որ նիստի արդյունքներով շուտով հանձնաժողովների համատեղ հայտարարություն կտարածվի:
Նրա տեղեկացմամբ, հարուցված քրեական գործի շրջանակներում, փաստահավաք առաքելությունն այժմ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն:
«Հավաքված փաստերը ներկայացվելու են Հայաստանի հետ համագործակցող համանուն հանձնաժողովներին, բարեկամական խմբերին: Դա մեր աշխատանքի սկիզբն է: Մենք գտնում ենք, որ տեղի է ունեցել առաջինը՝ ագրեսիայի ակտ, պատերազմական հանցագործություններ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, որի արդյունքում խախտվել է միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ նորմեր: Սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից մինչև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա խախտումներ են տեղի ունեցել, հետևաբար բոլոր կառույցներին յուրաքանչյուրի պահանջվող ընթացակարգերով պետք է քննարկվի դրանց դիմելու հարցը», -ասաց Մարուքյանը:
Հետաքրքրվեցինք, արդյոք հայկական կողմն ունի՞ բոլոր պահանջվող ապացույցները և անհրաժեշտ փաստերը, ի պատասխան պատգամավորն ասաց.
«Բոլոր իմ նշած ուղղություններով ապացուղողական բազան ավելի քան բավարար է, որ նշված գործընթացները պատշաճ իրականացվեն: Այսինքն՝ փաստեր որքան ուզեք, որ այդ բոլոր ուղղություններով ապացուցվեն տեղի ունեցած խախտումները»:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան ռազմական զինված գործողությունների հետևանքով հայկական զինված ուժերի 44 զինծառայող է մահացել, շուրջ 100 զինծառայող էլ վիրավորվելել էր: Առանձնակի դաժանությամբ սպանվել էին նաև Թալիշ գյուղի հայ բնակիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի առաձնահատկությունների վրա
- Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան