Մեդվեդև. Ավելի լավ է հակամարտությունը մնա սառեցված վիճակում, քան արյուն թափվի
Ավելի լավ է հակամարտությունը մնա սառեցված, քան արյուն թափվի: Այս մասին Երևան և Բաքու կատարած այցերն ամփոփող հարցազրույցում նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Պատասխանելով Ռոսսիա 24 հեռուստալիքի լրագրողի հարցին, թե Երևանում և Բաքվում կան մարդիկ, ովքեր համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն բավական ժամանակ սառեցված է եղել և ժամանակն է այն լուծելու, ի՞նչ պատասխան եք տալիս այս մարդկանց, Դմիտրի Մեդվեդևը նշել է.
«Խնդիրը նրանում է, որ հակամարտության լուծման ցանկացած տարբերակ կբավարարի որևէ մեկին և չի բավարարի մյուսին: Ընտրություն կատարելով հակամարտությունը սառեցված վիճակում թողնելու մեջ՝ այսինքն հրաժարվել այն արագ և մարդկանց կյանքերի գնով լուծելուց, ես այնուամենայնիվ ընտրում եմ հակամարտության սառեցված մնալու տարբերակը, այսինքն ավելի լավ է մնա առկա իրավիճակը և արյուն չթափվի»:
ՌԴ վարչապետը նաև անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին՝ նշելով, որ եթե Ռուսաստանը հրաժարվի այդ գործառույթից, ապա նոր մատակարարների ի հայտ գալն ավելի կբարդացնի իրավիճակը:
«Եթե մենք մեկ րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի, սակայն այդ պարագայում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են, թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը»,- նշել է ՌԴ վարչապետը:
Վերջինս հավելել է, որ զենքը պետք է ձեռք բերվի ոչ միայն այն օգտագործելու համար, այլ որպեսզի այն լինի զսպման գործոն, և որ այդ պահը պետք է հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան