«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ»
Ապրիլի 9-ին ԼՂՀ և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հանդես են եկել ապրիլի 2-5ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի տարածած հայտարարության մեջ ասված է.
«2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահամանամերձ և խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները: Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Նույն օրերին ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն իր վրա է վերցրել ԼՂՀ Պաշտպանության բանակը, որը ձեռնարկել է հնարավոր միջոցները՝ կասեցնելու ռազմական լայնածավալ հարձակումը:
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար»:
ք. Ստեփանակերտ
09 ապրիլի, 2016թ.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին