Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:
Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:
Ըստ աղբյուրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։
«Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները։
Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան