ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է. Ջեֆրի Ֆելթման
ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին նշել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։
Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը:
Հանդիպումից հետո ստորագրվել են ՀՀ և ՄԱԿ միջև առաջիկա չորս տարիների՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև երկրում համագործակցության ծրագրի գործողությունների ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան