Համանախագահներն իրենց պարտականությունը լիարժեք չեն իրականացրել. Լ.Ալավերդյան
«Համանախագահների ստանձնած մանդատի մեջ է մտնում, որը նշված է համապատասխան փաստաթղթում, համատեղ ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմի ամրացման ուղղությամբ: Այս պարտականությունը լիարժեք չի իրականացվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, հրադադարի ամրացման ուղղությամբ մեխանիզմներ ներդրված չեն, ինչը մերժվել է հենց ադրբեջանական կողմից:
«Երբ մեզ կտրուկ ասում են՝ պետք է արվի սա ու սա, միջնորդական առաքելությունն արդյունքն է ցույց տալիս, մենք չպետք է համաձայնվենք, հստակեցնենք, որ իրենք գրված խնդիրը չեն իրականացրել»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Միաժամանակ, ըստ նրա, բացի համանախագահներից, կան հարյուրավոր այլ մեխանիզմներ, կազմակերպություններ, պետք է դիմել նրանց, ներկայացնել ամբողջական փաթեթներ՝ ցույց տալով Ադրբեջանի քայլերը:
«Պետք է դիմենք և պահանջենք այն, ինչ գոնե գրված է իրենց նյութերում: Եթե իրենք չեն անում, մենք էլ պարտավոր չենք ենթարկվել իրենց: Միջազգային հանրության մոտեցումը կարելի է փոխել աշխատանքի միջոցով»,- ընդգծեց Լ.Ալավերդյանը:
Նա նշեց, որ հույս չունի, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունն ավելի ուժեղ է, քան 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի համաձայնագիրը: