Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ գարնանային օրակարգ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում առաջարկվել է նաև ներառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում։ ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում կանցկացվի ապրիլի 18-ից 22-ը։
Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, օրակարգի նախագծում այն ընդգրկվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագրով, որի քննարկումը նախատեսված է նստաշրջանի բացման առաջին օրը՝ ապրիլի 18-ին։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթներ կունենան Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
ԵԽԽՎ օրակարգում է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, միգրանտների մարդու իրավունքները, սիրիացի փախստականների ճգնաժամը։ Առաջարկվել է նաև հրատապ քննարկում անցկացնել ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի գործով, ով ՌԴ-ում դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը, որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ելույթով հանդես կգա վեհաժողովում։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը կներկայացնի 2015թ․-ի իր գործունեության զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։
ԵԽԽՎ օրակարգը վերջնական կհաստատվի նստաշրջանի բացման օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան