Նոբելյան 5 մրցանակակիրներ Հայաստանում հանդես կգան դասախոսություններով
Ապրիլի 11-16-ը Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ հանդես կգան դասախոսություններով: Աննախադեպ այս միջոցառումը, որ կրում է «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագիրը, կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նոբելյան մրցանակակիրները ապրիլի 12-ից կներկայացնեն իրենց դասախոսությունները: Դրանք վերաբերում են այն ուղղություններին, որոնցում գրանցած բարձր արդյունքների համար նշված գիտնականներն արժանացել են Նոբելյան մրցանակի:
«Մրցանակակիրները ներկայացնելու են իրենց Նոբելյան դասախոսությունները, իսկ դասախոսությունը միայն բովանդակություն չէ, այն լուրջ արվեստ է: Դա դասախոսություն է ոչ միայն ուսանողության համար, այլև մաստեր կլաս է դասախոսների համար»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ այս հանդիպումը առաջին հնարավորությունն է մեր տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար կենդանի շփում ունենալու գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Սա նաև գիտական երկխոսության հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:
«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այսպիսով փորձում են աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը աշխարհի գիտական կենտրոններից մեկն է:
«Մեր երկրի պետականաշինության համար ամենակարևորը գիտական նվաճումներն են»,- ասաց նա:
Նա նշեց, որ միջոցառումը բաղկացած է երկու բաղադրիչից. ապրիլի 12-ին Մարզահամերգային համալիրում մրցանակակիրները հանդես կգան չորս դասախոսություններով, որոնք վերաբերում են համաշխարհային գիտության գլոբալ խնդիրներին, ինչպես նաև կներկայացնեն իրենց տեսլականը՝ կապված ամբողջ աշխարհի գիտության հետ: Իսկ հաջորդ երկու օրերին ԵՊԲՀ-ում մրցանակակիրները կներկայացնեն իրենց Նոբելյան դասախոսությունները:
Ըստ Կ.Ենկոյանի՝ հիմնական թիրախային խումբը ուսանողներն են, առաջին անգամ ներգրավել են նաև աշակերտներին, քանի որ գիտության նկատմամբ սերը պետք է առաջանա դպրոցական տարիքից: Այդ նպատակով ապրիլի 14-ին հանդիպում է կազմակերպվելու աշակերտների հետ, կիզակետում են լինելու ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզային դպրոցների աշակերտները:
Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհի 15-ամյա Քրիստինե Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ շատ երեխաներ իր տարիքում երազում են որևէ աստղի հանդիպել և այսօր հայ աշակերտներն ունեն հնարավորություն՝ տեսնելու նոբելյան մրցանակակիրներին, որոնք գիտության ոլորտում իսկական աստղեր են:
«Այդ հանդիպումը շատ կարևոր է դպրոցականների համար»,- նշեց Քրիստինե Ալեքսանյանը:
Նոբելյան Մրցանակակիրները Երևանում հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության թեմաներով, ինչպես նաև աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ բաց դասախոսություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները