Հայաստանը փորձում է քաղաքական դաշտ բերել իր ռազմական հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը տեղափոխվել է դիվանագիտական և քարոզչական դաշտ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, միջնորդները, տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգռված կողմերը խուսափում են հետաքննություն անցկացնել՝ շատ լավ հասկանալով, որ դրանից հետո հասցեավորված մեղադրանքների խնդիր է առաջանալու ու այդպես դառնալու են կողմնակալ կողմ:
«Տեսանք, որ այն մոտեցումները, որոնք մինչ այժմ կոչված էին ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում, ըստ էության, չաշխատեցին: Փոխադարձ կոչերը, ոչ հասեցական մեղադրանքները, որևէ տեխնոլոգիաների չօգտագործումը զուտ զսպման մեխանիզմների տեսանկյունից, արդյունք չտվեցին: Միջնորդները շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ նույնիսկ այս ռազմական գործողություններից հետո: Սա խոսում է այն մասին, որ քաղաքական զարգացումները բավական հետ են մնացել այն իրականությունից, որ ձևավորել և առկա է ադրբեջանա-արցախյան սահմանում, որոնք, իսկապես, վաղուց արդեն թելադրող գործոն են դարձել տարածաշրջանում անվտանգություն ապահովելու տեսակետից»,- ասաց քաղաքագետը:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, այժմ լուրջ դիվանագիտական քննարկումներ են ընթանում տարբեր մակարդակներում՝ թե կողմերի ներգրավվածությամբ, թե առանց նրանց:
«Դիվանագիտական գործընթացների նպատակն է վերահսկելի դարձնել հակամարտության ընթացքը, թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնակիցների կողմից ավելի են արժևորվում բանակցությունները, ամեն մեկը փորձում է իր դերակատարությունը մեծացնել, ուժեղացնել տարածաշրջանում:
Նա ասաց, որ ՌԴ-ն քարոզչական որևէ ռեսուրս չի խնայում ցույց տալու համար, որ հենց իր միջնորդությամբ են կանգնեցվել ռազմական գործողությունները, իրենք են փորձում պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի անվտանգության համար, զուգահեռաբար մեղադրանքներ է ուղղում Թուրքիայի հասցեին, թե հենց այդ պետությունն է հրահարել Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ: ԱՄՆ-ը, ըստ քաղաքագետի, ուզում է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը, քանի որ այդ հարցում է իր դերակատարությունը մեծ և ուժեղ, այդպես ռուսական ակտիվությանը հակադրելով Միսնկի խմբի ակտիվությանը ու այդպես ներգրավվելով տարածաշրջանային զարգացումների մեջ:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այսօր Ադրբեջանը մարտական գործողություններում իր անհաջողությունները փորձում է ծածկել ֆոտոշոփի, քարոզչության միջոցով:
«Հայաստանը փորձում է քաղաքական դաշտ բերել իր ռազմական հաղթանակը, երկրորդ հաղթանակը, որ ունեցանք Արցախում, դարձնել քաղաքական գործոն և եթե բանակցային գործընթացը սկսվի, հանդես գա երկրորդ անգամ հաղթած կողմի դիրքերից: Սա, իհարկե, դիվանագիտական, քարոզչական լուրջ աշխատանք է պահանջում, ինչին ականատեսն ենք լինում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի համար հիմական խնդիրը պետք է լինի թույլ չտալ փոխել ստեղծված այս ֆոնը, մոռացության մատնվի Ադրբեջանի անհաջողությունը ու ագրեսիան, ինչին ձգտում են թե միջնորդները, թե Ադրբեջանը:
«Պետք է թույլ չտալ, որ մոռացության մատնվի այս ամենը ու բանակցային գործընթացը փորձել տանել նախկին տրամաբանության մեջ»,- ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին