Արցախում կարծում են, որ լավագույն խաղաղապահը հայ զինվորն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հստակ մոտեցում ունեն՝ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Խաղաղապահների տեղակայմանը նրանք դեմ են և կարծում են, որ լավագույն խաղաղապահը հայ զինվորն է, Պաշտպանության բանակը։ Այս կարծիքին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի պատգամավորներից ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը»:
Նա «Հրապարակ»-ին ասել է, որ բացասաբար է վերաբերվում ղարաբաղաադրբեջանական շփման գծում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հավանականությանը։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դրա կարիքը չունի, սկսած 1994 թվականից, երբ մենք հաստատել ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակում գտնվելը, մեր Պաշտպանության բանակն իր առջև դրված բոլոր խնդիրները գերազանց կատարում է, և չեմ կարծում, որ որևիցե այլ ազգի զինվոր կամ խաղաղապահ կկարողանա այնպես պաշտպանել մեր սահմանները, ինչպես հայ ազգի զինվորը։ Ուստի, այդ առումով շատ բացասաբար ենք վերաբերվում այդ հարցին, և դա անընդունելի է»,-հակառակ այս ամենին՝ ասել է ԼՂՀ պատգամավոր Դավիթ Մելքումյանը՝ հաշվի առնելով նաև այլ երկրներում խաղաղապահների տեղակայման տապալված փորձերը։
Ըստ նրա՝ լավագույն խաղաղապահը հայ զինվորն է, ԼՂՀ պաշտպանության բանակը։ Թերթի հարցին՝ ինքը սա ԼՂՀ իշխանությունների կամ ԼՂՀ խորհրդարանի՞ անունից է ասում, թե՞ զուտ իր անձնական տեսակետն է, պարոն Մելքումյանն ասել է, որ սա անձամբ իր տեսակետն է, բայց ինքը վստահ է, որ այդ տեսակետը կիսում են բոլորը։
ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանն էլ կողմ չէ խաղաղապահների տեղակայմանը։
«Անձամբ իմ կարծիքն այն է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, այսօր մեր բանակը լրիվ վերահսկում է իրավիճակին, և եթե ԼՂՀ կարգավիճակի հետ կապված հարց չի քննարկվում, ի՞նչ խաղաղապահ զորքի մասին կարող է խոսք լինել»,-ասել է նա։
Թերթը զրուցել է նաև ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հետ։
«Մենք խաղաղապահների հարցը դիտարկում ենք ընդհանուր ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման մի մաս։ Մենք որևէ էլեմենտ՝ այդ ընդհանուր լուծումից դուրս, չենք կարող քննարկել։ Այսինքն, երբ Ղարաբաղը նստի բանակցությունների սեղանի շուրջ, կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն միայն այդ համատեքստում»։