Մեր ցանկությունն է, որ նոբելյան մրցանակակիրների օգնությամբ ստեղծենք գիտական նոր ծրագրեր. ԵՊԲՀ ռեկտոր
Այսօր Հայաստան են ժամանել այնպիսի խոշոր գիտնականներ, որոնց բարձր ինտելեկտը, ստեղծագործական տաղանդը, գիտական գործունեությունը զինել են ողջ մարդկությանը: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման բացմանն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր գիտական ներուժը, մեծ հարգանք ունենք կրթության ավանդույթների նկատմամբ, բայց ունենք մի մեծ ցանկություն, որ այս 5 օրերի ընթացքում նոբելյան մրցանակակիրների օգնությամբ իրականում ստեղծենք և գործի մեջ դնենք գիտական նոր ծրագրեր ու ուղղություններ, ինչը թույլ կտա մեր երիտասարդներին, աշակերտներին ընդգրկվել այն ուղղությունների մեջ, որոնք առաջնորդում են Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիրները»,- նշեց Միքայել Նարիմանյանը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունեն Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների դասախոսություններից:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-16-ը Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ Երևանում հանդես կգան դասախոսություններով: Մասնակիցների թվում են Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), Դան Շեխտմանը (Իսրայել), Ջոն Ուորենը (Ավստրալիա) և Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):
«Նրանք կներկայացնեն գիտության այն ուղղությունները, ճյուղերը, դաշտը, որտեղ հասել են չափազանց բարձր արդյունքների: Այդ արդյունքներն այսպես թե այնպես կապված են բժշկության, բժշկագիտության հետ և հզորացնում են մեր բժշկագիտությունը, բժշկական կրթությունը»,- նշեց Միքայել Նարիմանյանը:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունելով «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման մասնակիցներին, նշեց, որ այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է:
«Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի հինգ նոբելյան մրցանակի դափնեկիրների: Դարավոր գիտական ավանդույթներ ունեցող մեր երկրում նման միջոցառում անցկացնելը եզակի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային գիտության մեջ ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքիր բանավեճեր և քննարկումներ անցկացնելու, այլև Հայաստանի գիտության տեղն ու դերը ևս մեկ անգամ իմաստավորելու, անելիքները նախանշելու, նոր գիտական գաղափարներ ու ծրագրեր քննարկելու համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը հստակ գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին:
«Ելնելով այս հրամայականից, մշակվել և իրականացվում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թթ-ի ռազմավարությունը, որտեղ ամրագրված են գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանը միտված քաղաքականությունը: Մեր ջանքերն ուղղված են Հայաստանի գիտնականների և համաշխարհային գիտական կենտրոնների միջև միջազգային համագործակցության համար նպաստավոր միջավայր ստեղծելուն: Լիահույս եմ, որ, բացի կարևոր առաքելությունից, նոբելյան մրցանակի դափնեկիրները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի հնագույն մշակույթին, ճարտարապետությանը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը. Արմեն Աշոտյան
- Նոբելյան 5 մրցանակակիրներ Հայաստանում հանդես կգան դասախոսություններով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները