Եվրոպական տուրօպերատորներն Արցախի պատմաերկրագիտական թանգարանն ընդգրկում են իրենց ծրագրերում. տնօրեն
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը տարվա ընթացքում ունենում է 13-18 հազար այցելու, աստիճանաբար ավելանում է՝ հատկապես օտարերկրացիների թիվը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը նշում է է, որ չնայած Արցախում իրականացվող պեղումների արդյունքներն ըստ արժանվույն ներկայացնելու համար եղած շենքային դժվարություններին, այնուամենայնիվ, թանգարանն այցելուների պակաս չունի:
«Եթե 90-ական թթ. վերջերին կամ 2000-ականների սկզբներին թանգարանի այցելուները հիմնականում սփյուռքահայեր էին, այժմ զբոսաշրջային խմբերում ընդգրկվում են բազմաթիվ երկրների տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն մեր թանգարան են այցելում ՊԲ-ի նորակոչիկները: Հաճախակի են դարձել նաև հայաստանցի զբոսաշրջիկների այցելությունները: Հատկանշական է, որ եվրոպական երկրներից ժամանում են տուրօպերատորներ, ովքեր ծանոթանում են մեր թանգարանի ցուցադրությանը և այն ընդգրկում իրենց ծրագրերում»,-ասում է թանգարանի տնօրենը:
Պատմաերկրագիտական թանգարանում ներկայացվում է հայոց պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Առաջին հարկում ցուցադրությունների սրահն է, որտեղ տարվա ընթացքում կազմակերպվում է ավելի քան 6 ցուցահանդես։ Վերջին տարիներին թանգարանը ֆրանսահայ բարերար Հարություն Թորոսյանից՝ որպես նվիրատվություն, ստացել է հին դրամների բավականին հարուստ հավաքածու, (Հ. Թորոսյանը տարիների ընթացքում տարբեր աճուրդներում գնել ու հավաքագրել է դրանք): Հավաքածուն ներառում է շուրջ 159 մետաղադրամ և Հայաստանի առաջին հանրապետության 10 թղթադրամ։ Մետաղադրամները հիմնականում արծաթից ու պղնձից են և վերաբերում են Արտաշեսյան, Կիլիկյան, Բագրատունյաց հայկական թագավորությունների ժամանակաշրջաններին։ Դրանք հայկական պետականության մասին փաստող լավագույն վկայություններ են։ 2015թ. թանգարանը ձեռք է բերել 1890-ականներին Շուշիում գործված՝ 4 մ երկարությամբ և 2,5 մ լայնությամբ ասեղնագործ մի գորգ, որը բավականին հետաքրքիր և յուրօրինակ զարդանախշեր ունի։
Թանգարանի տարեցտարի ավելացող հավաքածուն ցուցադրվում է հնագիտության, ազգագրության և այլ բաժիններում որտեղ պահվում են քարի, բրոնզի դարերին ու հետագա ժամանակաշրջաններին վերաբերող նյութեր, արցախյան ձեռագործ գորգեր։ Վաղ միջնադարը ներկայացնող սրահում ցուցադրված են Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածմանը վերաբերող նյութեր։ Թանգարանի երկրորդ հարկում ներկայացված է Արցախի պատմությունը՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Ցուցադրությունը պատմում է ֆիդայական պայքարին արցախցիների մասնակցության, ապա՝ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ներկայացված են նաև 1920թ. Շուշիում տեղի ունեցած հայկական ջարդերը, Արցախի բռնակցումը Ադրբեջանին, այդ ժամանակաշրջանին վերաբերող համապատասխան քարտեզներ ու նյութեր։ Թանգարանում կա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ խորհրդային ժամանակներին վերաբերող սրահ, որտեղ ցուցադրվում են Հայրենական մեծ պատերազմին արցախահայության մասնակցությունը փաստող նյութեր, ի դեպ. 2-րդ աշխարհամարտի հինգ հայ մարշալներից չորսը՝ ծագումով արցախցիներ են։ Սրահում անդրադարձ կա նաև Ղարաբաղյան շարժմանը, դրա դրդապատճառներին, ընթացքին, ԼՂՀ հռչակմանն ու հանրապետության արդի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին։
Ըստ Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրենի, իրենք մշտապես ակտիվ ցուցադրություններ են կազմակերպում. «Ամեն տարի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, փորձում ենք կազմակերպել յուրօրինակ ցուցահանդեսներ: Անցած տարվա «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու պատմում էր Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի մասին։ 2016թ. նախատեսում ենք ներկայացնել «Արցախյան ասեղնագործություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված տարբեր ժամանակներում ստեղծված հայ կանանց ձեռքի աշխատանքներին»:
Թանգարանը մասնակցում է նաև միջազգային կոնֆերանսների, ցուցահանդեսների։ 1997թ. ԼՂՀ պատմաերկրագիտական թանգարանի գորգերը ցուցադրվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, 2014թ-ին՝ Վիեննայում և դարձել միջազգային գիտաժողովների քննարկման թեմա:
1938-39թթ. երբ գերմանացի հնագետ Հումելը Արցախի տարածքում պեղումներ է կատարում և գտնվում են մեծ քանակությամբ նյութեր, առաջանում է թանգարան ստեղծելու անհրաժեշտություն՝ դրանց պահպանման և ցուցադրության համար: Թեև թանգարան ստեղծելու մասին որոշումը կայացվել էր ավելի վաղ՝ 1934թ-ին, սակայն, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը հիմնվում է 1939 թ-ին: Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է 1950-ականների կեսերին, տարիների ընթացքում այն հնարավորիս հարմարեցվել է թանգարանային գործունեությանը:
Լուսանկարները՝ ՀՀ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից: