Այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա. դեսպան Ապիտոնյան
Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը ապրիլի 9-ին հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսևորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ և սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։
«Սակայն նոր երևույթ է նման բանի ականատես լինել Շվեդիայում։ Սա շատ մտահոգիչ զարգացում է. հնչում է անմիջական կոչ՝ սպանել հայերին»,- նշել է դեսպանը` ավելացնելով, որ նման կոչ ԵՄ անդամ երկրում հնչում է առաջին անգամ։
Նա տեղեկացրել է, որ շվեդական իշխանությունները դեռևս չեն արձագանքել: Միաժամանակ հույս է հայտնել, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի միջադեպը։ Դեսպանը նաև ակնկալում է Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի կողմից հայտարարության միանշանակ դատապարտումը, և կարծում է, որ այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա։
Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես Շվեդիայում բնակվող թուրքերի մեծամասնության կարծիք, սակայն վստահաբար այն ներկայացնում է որոշ խմբավորումների դիրքորոշումը։
Դեսպանը կարծիք է հայտնել, որ խնդիրը որոշակիորեն առնչվում է թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին, և նշել, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, և նրանց միջև տարբեր երկրներում գործողությունների բացահայտ համադրում է նկատվում, ինչի ապացույցն է նաև Ստոկհոլմի հանրահավաքը։
Նա վերստին կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը հող է ձևավորում նման այլատյաց քարոզչության համար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դեսպանություն. Լիահույս ենք, Շվեդիայի կառավարությունը կապահովի հայազգի քաղաքացիների անվտանգությունը
- Շվեդիայում ադրբեջանցիները ակցիա են անցկացրել «թուրք արթնացիր» կոչերով