«Բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինքնորոշում». Բասկերի անդրադարձը ղարաբաղյան հիմնախնդրին
Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆայել Լարեինան և նախկին սենատոր, իրավաբան Ուրկո Աիարցա բասկյան naiz.eus կայքում հրապարակել են «Բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինքնորոշում» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու շփման գծում տիրող իրավիճակին:
«Նրանք, ովքեր ձգտում են խաղաղության, անվտանգության և կայունության, պետք է հասնեն խաղաղության համաձայնագրի, որի հիմքում ինքնորոշման իրավունքն է»,-նշված է հոդվածի նախաբանում:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացած 4-օրյա ռազմական գործողություններին՝ հեղինակները գրել են. «Իհարկե, սա շփման գծի վրա Ադրբեջանի հարձակման առաջին դեպքը չէ (յուրաքանչյուր տարի տասնյակ հարձակումներ են եղել), սակայն այս օրերի հարձակումներն այլ շեշտադրումներ ունեին, քանի որ այնպիսի սպառազինություն է օգտագործվել, ինչպիսիք են անօդաչու սարքերը, ուղղաթիռները, տանկերը: Արդյունքում՝ տասնյակ զոհեր, ինչպես նաև այլ հետևանքներ: Չնայած նոր հրադադարի պայմանավորվածության, իրավիճակը դեռ փխրուն է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին է պատկանում: Սառեցված, քանի որ միջազգային հանրությունը չի կարողացել լուծում տալ հակամարտությանը:
Հայերի` սեփական ճակատագրի տերը լինելու համար մղվող երկարատև պայքարի ընթացքում, Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը արցախահայությունն էր, ռուսական հեղափոխությունից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո ինքնավար մարզի կարգավիճակում անցան Ադբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմ: Տեղի հայերը չէին ընդունում դա և ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, համաձայն Խորհրդային միության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի, քվեարկեցին անկախության օգտին: Պատերազմ սկսվեց, որի ընթացքում հայկական բանակը օգնության հասավ իր ղարաբաղյան եղբայրներին: 1994 թ.-ից Արցախի և Հայաստանի զորքերը իրենց վերահսկողության տակ առան Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից ընդարձակ մի տարածք՝ որպես բուֆերային գոտի կամ անվտանգության տարածք: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած մի տարածք՝ սեփական ռազմական պայմաններով:
1994 թ. Ռուսաստանի գլխավորությամբ հրադադարի մասին համաձայնություն հաստատվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվեց, որպեսզի խաղաղ և բանակցային լուծում տրվի այս հակամարտությանը: Խմբում ներգրավվեցին Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Բելառուսը, Պորտուգալիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Լեռնային Ղարաբաղը, այնուամենայնիվ, չներառվեց: Սակայն Մինսկի համաձայնագրերը երբեք էլ տեղից չշարժվեցին և համաձայնեցված խաղաղության համաժողովը երբեք էլ չնշվեց այս երկար տարիների ընթացքում:
Ադրբեջանը պատրաստ չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և դեռ վիճում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ, որպեսզի ժխտի Արցախի մասին իրականությունը:
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը վաճառված նավթից ստացված շահույթով հնարավորություն է ունեցել ամրապնդել ռազմական և դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև ռազմական հռետորաբանությունը: Շփման գիծը Եվրոպայի ամենառազմականացված շրջանն է: Ռուսաստանի ռազմական և տնտեսական համաձայնագրերը Հայաստանի հետ չեն խանգարում Ռուսաստանին զենքեր վաճառել Ադրբեջանին և այս մտադրությամբ թեժացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Իհարկե, Ադրբեջանը իր պատմական դաշնակցի՝ Թուրքիայի պաշտպանության տակ է: Թուրքիան ամբողջ կովկասյան տարածաշրջանում իր շահերն ունի, նա այս տարածաշրջանում թուրքմենական ժառանգություն ունեցող ժողովուրդների հետ է, իսկ Հայաստանն էլ նրա պատմական թշնամին է: Այս փաստի ապացույցն է հանդիսանում Հայոց ցեղասպանության ժխտումը: Եթե այս ամենին ավելացնենք նաև վերջերս ծագած վեճը Ռուսաստանի հետ, կհասկանանք, որ տարածաշրջանը թեժ և եռացող անոթի է նման:
Այս իրավիճակում, այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ընդգծել, որ նախորդ տարվա ընտրություններին Արցախի անկախ հանրապետություն (այսպես են կոչում Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակիչները) մեր կատարած դիտորդական այցի ժամանակ տեսանք մի ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ ժողովրդավարական սկզբունքներով և կանոնակարգերով: Ոչ ոք չէր պատկերացնում, որ այս փոքրիկ ազգը իր 150.000 բնակիչներով, որը 1994 թ.ից սկսած յուրաքանչյուր պահ հարձակման վտագի տակ է, մի ազգ, որը չորս երկար տարիներ սարսափելի պատերազմի մեջ է եղել (ունենալով մոտ 30,000 զոհ), նման ժողովրդավարական ուժ ունի: Կուսակցությունների բազմազանություն, տեղի, ազգային և նախագահական ընտրություններ, անկախ դատական իշխանության կողմից տրված միջազգային իրավունք, լրատվամիջոցների ազատություն, հանրային համալսարան…չնայած այն հանգամանքին, որ միջազգայնորեն չի ճանաչվել, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ապրում է ազատ և արժանապատվորեն:
Ցավոք, մինչ քաղաքացիներն իրավունք կունենան որոշում կայացնելու, մինչ իրավունք կունենան ապրելու անկախ հանրապետությունում, որն այլևս իրականություն է, նրանք, ովքեր ազգային պատվի սկզբունքն են առաջ տանում զինված ուժերով, պատրաստ են վտանգի ենթարկել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից այն կողմ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նախևառաջ կարիք ունի Արցախի հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչման:
Նույն կերպ էլ, ժողովուրդների միջև խաղաղությունը աշխարհի յուրաքանչյուր մասում կարիք ունի հարգանքի և ճանաչման: Նրանք, ովքեր ձգտում են խաղաղության, անվտանգության և կայունության, պետք է հասնեն խաղաղության համաձայնագրի, որի հիմքում ինքնորոշման իրավունքն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան