Իր սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը. Շավարշ Քոչարյան
Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Այս մասին «News.am» գործակալության հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները հարցին ի պատասխան ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա խոսքով՝ Բաքվի կողմից ղաբարաղա-ադրբերաջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:
«Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարն, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը:
Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան