ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է զինվորների գլխատման ու խոշտանգումների մասին զեկույցներին. Գերմանիայի դեսպան
«Անշուշտ մենք լսել ենք հայկական կողմի զեկույցները, որոնցում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատմանն ու մարմինների խոշտանգումներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ պատասխանելով հարցին, թե Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր չի կարծո՞ւմ, որ ժամանակն է հանել հավասարության նշանն ու Ադրբեջանին վերաբերվել որպես ագրեսորի, որը սպանում է խաղաղ բնակչությանը, գլխատում և խոշտանգում է հայ զինվորներին:
«ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է այդ զեկույցներին, բայց ներկայումս դեռևս չկան մեխանիզմներ` առաջ շարժվելու համար: Անձամբ ես այս պահի դրությամբ ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց դեսպանը:
Մաթիաս Քիսլերն նշեց, որ իրադարձությունների զարգացման մասին զեկուցել է Բեռլին, և դա իր աշխատանքային գործունեության հիմնական թեման է եղել անցյալ շաբաթվա ընթացքում:
«Ռազմական գործողությունների վերսկսումը, անշուշտ, հետքայլ է մինչ այժմ խաղաղության և հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացներում: Այդ պատճառով է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտայնմայերը անհապաղ զանգահարել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին` հորդորելով պահպանել հրադադարը: Մենք պետք է առաջ նայենք, բայց մեզ համար կարևոր է, որ զինադադարը պահպանվի երկու կողմերում էլ»,- ասաց նա:
Ըստ դեսպանի՝ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու հետ կապված նոր դինամիկա է առաջ եկել. «Սակայն կրկնում եմ, որ կարևորագույնն այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զինադադարի պահպանումն է»:
Նա նաև նշեց, թե հիմնավոր տեղեկություններ չունի այն մասին` ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2-ին:
Դեսպանի խոսքերով՝ իրենք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնք արդեն եղել են Երևանում, Ստեփանակարտում ու Բաքվում, և սպասում են, թե ինչ եզրակացությունների կհանգեն նրանք հետագայում:
«Հակամարտության լուծման ճանապարհները լիարժեքորեն գտնվում են եռանախագահների մանդատի ներքո»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին