Գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը. Արմեն Աշոտյան
Անկախ նրանից, թե ինչ ոլորտի գիտնականներ են համախմբվում այս կամ այն առիթով, անհրաժեշտ է նաև փաստել, որ գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կարծում եմ, որ նոբելյան մրցանակակիրների ներկայության պարագայում ավելի քան արդիական է այս օրերին խոսել այն մասին, որ մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի, ինչպես որ լինում է ժամանակակից զենքի օգտագործման ժամանակ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրեց Անդրեյ Սախարովի պատմությունը, որը լինելով ջրածնային ռումբի նախահայրերից մեկը, վերջում մեծ ապրումների մեջ էր, քանի որ հասկանում էր, թե ինչ ավերածություններ կարող է գործել իր գյուտը:
Անդրադառնալով Նոբելյան մրցանակակիրների Հայաստան այցելությանը, Արմեն Աշոտյանն ասաց, որ սա կարևոր իրադարձություն է և Հայաստանի և Բժշկական համալսարանի համար. «Հուսով եմ, որ բուհը լավագույնս կօգտագործի միջազգայնացման այս աննախադեպ առիթը: Հատկապես ուրախ եմ, որ երիտասարդ գիտնականները, բժիշկները այս օրերին կլսեն լուրեր ոչ միայն ռազմական ճակատից, ինչին մենք սովոր ենք այս վերջին 10 օրերին, այլ նաև գիտության առաջնագծից: Իսկապես սա մեծ իրադարձություն է թե երկրի, թե բուհի, թե գիտության ոլորտի համար: Ուրախ եմ, որ ամիսներ առաջ մեկնարկած նախաձեռնությունն այսօր պսակվում է իր տրամաբանական մեկնարկով»:
Նրա խոսքերով՝ տարիներ առաջ առիթ է ունեցել հանդիպել այսօր Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովերի հետ: Ըստ նրա՝ հետաքրքիր էր լսել նրան, նրա պատմությունը, թե ինչպես է զարգանում գիտությունը Իսրայելում, սակայն նոբելյան մրցանակակիրը նաև իր մտահոգությունն է հայտնել Իսրայելում գիտնականների արտագաղթից: Նա նշել է, որ ուղեղների արտահոսք է տեղի ունենում դեպի ավելի հարուստ, բարեկեցիկ, գիտական հիմնարկ՝ ԱՄՆ:
Համեմատելով Հայաստանի և Իսրայելի գիտական ներուժը, Արմեն Աշոտյանն ասաց, որ իր պատմությամբ հայ ժողովուրդը կարծես թե զուգահեռներ ունի հրեա ժողովրդի հետ, բայց այդ զուգահեռները կյանքի կոչելու համար պետք է գտնենք նաև ազգի իրական ներուժի՝ համախմբման, համապատասխան մեխանիզմներ:
«Այսօր պետք է փաստենք, որ և որպես պետություն, և որպես հասարակություն, և որպես ժողովուրդ մենք այդ ճանապարհը դեռ չենք ավարտել: Եթե համեմատենք Իսրայելի հետ, ապա հայ ազգը, որը սփռված է աշխարհով մեկ, ազգային կապիտալը դեռևս լավագույնս չի օգտագործել»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-16-ը Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ հանդես կգան դասախոսություններով: Աննախադեպ այս միջոցառումը, որ կրում է «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագիրը, կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները