Գանձագողության հետևանքով Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել
Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ՝ Վանի թագավորության ժամանակաշրջանի հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:
«Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի քննչական բաժնից դիմել էին մշակույթի նախարարությանը՝ հայտնաբերվածի հետ կապված: Նախարարության կողմից ես գործուղվեցի որպես փորձագետ: Զարմանալի արժեքավոր հայտնագործություն է կատարվել, առ այսօր մենք չունեինք այսպիսի հավաքածու»,-պատմեց Հ. Սիմոնյանը՝ տեղեկացնելով, գողը, ում գործը ներկայումս վարույթում է, գնացել է մետաղորսության նպատակով, սակայն նրա շնորհիվ հայտնաբերվել են այս գանձերը:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենն ասաց, որ ներկայումս գտածոներն իրենց կենտրոնում են և բոլորը միասին մոտավորապես երկու հարյուր օրինակ են կազմում. «Դրանց մեջ մտնում են սակրեր՝ մարտական կացիններ, որը որպես զենք է օգտագործվել, դաշույն, եղջերուների քանդակներ, զինվորի արձանիկներ, վզնոցներ, մարտակառքերի զանգակներ, սանձեր և այլ նմուշներ»:
Իսկ թե որտեղ և ինչ նպատակով են թաքցված եղել դրանք հարցին, նա պատասխանեց. «Երևի թե սրանք ժամանակին ինչ որ մեկի մոտ են եղել, ով ինչ-ինչ նպատակներով թաքցրել է արոտավայրում»:
Նա հավելեց, որ այս հավաքածուն ներկայումս գտնվում է լաբորատոր մաքրման և ուսումնասիրման փուլում, որպեսզի բերվի թանգարանային տեսքի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան