Մեր հաջողությունը վճռական ազդակ է, որ մենք պատրաստ չենք որևէ կերպ զիջել. Հայկ Դեմոյան
«Այն ինչ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, բացարձակ արկածախնդրություն էր Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից: Արկածախնդրությունն ուներ թե ներքին, թե արտաքին պատճառներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվել էր նման արկածախնդրության, լայնածավալ գործողությունների, ուղղակի սպասում էր ճիշտ ժամանակի և կայծի: Հ.Դեմոյանի խոսքով, արտաքին ճակատում Ադրբեջանի վիճակը լավ չէր, խոսք էր գնում պատժամիջոցների մասին, տեղեկատվական հոսքերը նույնպես այդ պետության օգտին չէին, իսկ ներքին ճակատում առկա էր սոցիալական լարվածություն:
«Մենք խոսում ենք նավթային մեղրամսի ավարտի մասին: Ադրբեջանը մի նոր փուլ է մտնում՝ դանդաղ, սահուն, բայց հաստատ անկման ռեժիմով: Ադրբեջան պետության անկում էր ազդարարվում: Այն կանխելու համար գործի դրվեց միակ գործիքը՝ ղարաբաղյան ճակատում թեկուզ փոքրիկ հաղթանակ ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, չի հասել այն նպատակին, ինչ ուներ, Ադրբեջանը նախագահի բերանով ընդունել է կապիտուլիացիան:
Հ. Դեմոյանի խոսքով, թեև Ադրբեջանը չի հասել իր նպատակին, բայց կարող է գնալ ավելի մեծ արկածախնդրության:
«Մենք չպետք է վախենանք: Մեր առավելությունն այն էր, որ արագ կարողացանք մոբիլիզացվել հասարակության մակարդակով: Մեր հաջողությունը վճռական ազդակ է, որ մենք պատրաստ չենք որևէ կերպ զիջել, մեր համախմբումը լավագույն վկայություն է այն մասին, որ ունենք անվտանգության գիտակցության բաղադրիչը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները