ԱՄՀ կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վատացել են
Հայաստանի տնտեսական աճն ըստ ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցի` 2016թ-ին կազմելու է 1,9 տոկոս:
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին հրապարակված զեկույցում ԱՄՀ-ն 2016թ-ին Հայաստանի համար կանխատեսում էր ՀՆԱ-ի 2,2% աճ, իսկ այս ամսվա սկզբին Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Հոսեյն Սամիեին սպասվող տնտեսական աճը գնահատել էր 2,2-2,5 տոկոսի միջակայքում:
Զեկույցում վատացել են նաև Ադրբեջանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները: Եթե 2015թ-ի հոկտեմբերին արված կանխատեսումների համաձայն ՀՆԱ աճը 2016թ-ին կազմելու էր 2,5%, ապա վերջին կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում այս տարվա արդյունքներով գրանցվելու է 3 տոկոս տնտեսական անկում:
Զեկույցի համաձայն` 2016 թ-ին Ռուսաստանում սպասվում է տնտեսության 1,8 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 0,6 տոկոսի անկման համեմատ, Բելառուսում` 2,7 տոկոսի անկում` 2,2 տոկոսանոց անկման համեմատ, իսկ Վրաստանում նախորդ` 3 տոկոս տնտեական աճի փոխարեն կանխատեսվում է 2,5 տոկոս աճ: