Լ. Ալավերդյան. 48 թվականից հետո ոչ մի պետություն այսպես ցուցադրական չի հակադրել իրեն քաղաքակիրթ աշխարհին
Արցախում պետք է իրականացվի մասնագիտացված, մանրակրկիտ, ճշգրիտ փաստահավաք աշխատանք: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «18 հայ զինծառայողների մարմիները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Ես պետք է ասեմ, որ Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը միտված են օր առաջ սկսել այդ աշխատանքը: Ես հենց այսօր պետք է մեկնեմ Արցախ: Համակարգման հիմքերն արդեն դրված են»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքով, ՄԱԿ-ը, բացի պսևդոդատականից, ունի բազմաթիվ այլ մեխանիզմներ ու կոմիտեներ, որոնք ունեն միջամտելու ամենատարբեր ձևերը՝ սկսած զեկույցներից մինչև կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը:
Լ. Ալավերդյանը կարևորեց նաև ԱԺ պատգամավորների կողմից քաղաքական ատյանների օգտագործումը. «Պետք է հասնել նրան, որ պատժամիջոցները լինեն ոչ թե խոստում, այլ իրականություն դառնան: Ես կարծում եմ, որ 48 թվականից հետո ոչ մի պետություն այպես ցուցադրական ոչ թե չի ոտնահարել, այլ չի հակադրել իրեն քաղաքակիրթ աշխարհին: Սա հակադրում է, հասարակ խախտում չէ: Դրա համար մենք ասում ենք, որ Ադրբեջանը գործում է որպես ահաբեկչական միավոր, ինչպես Իսլամական պետությունը: Վերջինս հրապարակայնորեն չի ճանաչում որևէ նորմ, որը որդեգրված ու ընդունված է քաղաքակիրթ աշխարհում»:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ կարևորեց խնդրին հետևողական լինելը:
«Մենք հաճախ ասում ենք պետք է դիմել, պետք է անել, բայց երբեմն արդյունք այդպես էլ չենք կարողանում ստանալ, ինչ վերաբերում է պառլամենտական դիվանգիտությանը, ցավոք սրտի, ոչ միշտ է, որ հաղթանակներով է ուղեկցվում: ԵԽԽՎ վերջին բանաձևն ու զեկույցը թույլ տվեցին ևս մեկ անգամ գիտակցել, որ այս ոլորտում պետք է շատ զգոն լինել»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, այս առումով պետք է պետական բոլոր մարմինների աշխատանքները համաձայնեցված լինեն. «Պետք է համակարգված գործունեություն իրականացնենք: Ցավոք սրտի, վերջին տարիներին ես նման աշխատանքի ականատես այնքան էլ չեմ եղել: Պառլամենտն ու ԱԳՆ-ն գործում էին անկախ, հետո ԱԳՆ-ն զարմանում էր, թե ինչպես չիմացանք՝ պառլամենտի դիվանագիտական առաքելությունը նման խնդրի առաջ կանգնել: Ի վերջո ժամանակն է այս հարցի ուղղությամբ աշխատել համակարգված»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ պետք է աշխատել երեք ուղղություններով՝ ապացուցել, որ տեղի է ունեցել ագրեսիա Ադրբեջանի կողմից, տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ և ապացուցել մարդու իրավունքների զանգվածային խախտման փաստը:
«Կարելի է դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, ՄԻԵԴ, որտեղ ես կարծում եմ պետք է անհատական հարյուրավոր դիմումներ ներկայացնել, ամեն վարույթի ժամանակ ՀՀ-ն կարող է ներգրավել որպես երրորդ կողմ: Մյուսը՝ Միջազգային քրեական դատարան է, այո Հայաստանն ու Ադրբեջանը անդամ չեն հանդիսանում, բայց կա ընթացակարգ, կարող ենք դիմել ՄԱԿ-ի անվտագության խորհուրդ, վերջինս կարող է դիմել դատարան, դատարանը պարտավոր է քննել այդ գործը»,-ասաց Մարուքյանը:
Անկախ պատգամավորի խոսքով, միայն դիմելն ու հարցը քննարկման առարկա դարձնելը դիվանագիտական մեծ քայլ կարող է լինել. «Ես կարծում եմ, ՄԱԿ-ի խորհուրդը չի դիմի դատարան, հիմնավորելով, որ խախտումների ծավալը փոքր է համեմատած այն հացագորխությունների, երբ զոհերի թիվը հասնում է հազարների»:
Մարուքյանի ներկայացմամբ, Ռասսայական խտրականության բոլոր ձևերի արգելման կոնվենցիայի շրջանակում հայկական կողմը կարող է դիմել միջազգային արդարադատության դատարան. «Այս քննարկումները եղել են Սաֆարովի գործից հետո, մինչ օրս ոչ մի դիմում էլ չի ներկայացվել: Մենք կարող ենք միացնել, և ներկայացնել, որ Ադրբեջանում հայատյացությունն այնպիսի մակարդակի է հասցված, որ այնտեղ որևէ էթնիկ հայի լինելիությունը վտանգված է՝ խոշտանգումներով, անդամահատումներով, սպանություններով: Միջազգային բանակցողների այն փաստարկը, թե արցախցիներին լայն ինքնավարություն են տալու, գնացեք Ադրբեջանի կազմի մեջ ապրեք, այդ փաստարկն ամբողջությամբ կքանդվի»: