Ա. Սեդրակյան. Հայկական բանակի վերազինման միակ տնտեսական ռեսուրսը կոռուպցիայի վերացումն է
«Առայժմ չեմ տեսնում արմատական քայլեր, որոնք պետք է անմիջապես արվեին չորսօրյա ռազմական գործողություններից հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա, ամենաառաջին քայլերը, որոնք պետք է արվեին, դիվանագիտական նոտաներ հղվեին ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, միջազգային այն բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են մարդկանց խոշտանգումների ուսումնասիրությամբ:
«Ե՞րբ ենք զբաղվելու այդ հարցերի միջազգայնացմամբ: Դա կարող է կանխել հետագա գործողությունները»,- նշեց նա:
Ա.Սեդրակյանի խոսքով, անհրաժեշտ է վերազինել հայկական բանակը:
«Հայաստանում ներկա իրավիճակում կան բազմաթիվ փողեր, որոնք պտտվում են կոռուպցիոն դաշտում: Այն բոլոր մարդիկ, ովքեր կոռուպցիոն դաշտում օգտագործում են այդ գումարները, ժամանակն է, որ դնեն հայկական բանակի զինմանը: Հայաստանում պետք է սկսվի ազգային կոնսենսուսը, որը պայմանավորված է էլեմենտար անվտանգության նկատառումով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բանակի վերազինման միակ տնտեսական ռեսուրսը կոռուպցիայի վերացումն է: