«Բերանդ կջարդեի, ափսոս…». Գառնեցին` Արամ Հարությունյանին
Այսօր Գառնի գյուղի բնակիչների ու բնապահպանների բողոքի ակցիայի ժամանակ, երբ գառնեցիները փակել էին Գառնի-Երևան մայրուղին, ՀՀ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և վերջինը հարձակվեց ու պատռեց բնապահպան ցուցարարներից մեկի պաստառը:
«Գնացեք, բանտ նստեք, եկել ես ստեղ խոսում եք ինչի՞ց: Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի համար դուք դեռ պատասխան եք տալու», -բացականչելով Հարությունյանի հետևից հայտարարում էր բնապահպանը: Հարությունյանը դանդաղ քայլերով հեռացավ ցուցարարների խմբից, բայց գյուղացիներից մեկը չդիմացավ և բացականչեց նրա հետևից.
«Դու՞ էիր մեր մարզպանը, հա՞, բերանդ կջարդեի, ափսոս ուժ չունեմ», -դիմելով Հարությունյանին ասաց գյուղացին: Նշենք, որ Արամ Հարությունյանը Կոտայքի նախկին մարզպետն էր:
«Բայց ինչի՞», նրանից հետաքրքրվեց Հարությունյանը:
«Որովհետև վատ ես պահում քեզ, ինչի՞ եք էս գյուղը ավիրում», -պատասխանեց գյուղացին:
Երբ Արամ Հարությունյանը փորձում էր բացատրել, որ ինքը չի ավիրում, որ ինքն ավիրող չի, գյուղացին հորդորեց պաշտոնյային հեռանալ իր մոտից, քանի որ նյարդերը կարող են տեղի տալ ու պատրաստ է հարվածել նրան:
Բայց պաշտոնյան չհեռացավ, և գյուղացին ստիպված ինքը լքեց տարածքը` քթի տակ վիրավորական խոսքեր ասելով:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի առիթ դարձած Գառնու ձորում շինարարությունը կանգնեցվել է
- Գառնի գյուղի բնակիչներն ու բնապահպանները ոտքի են կանգնել, փակել ճանապարհը