Գրականագետ. Հողը երկու բան է սիրում
«Հողը երկու բան է սիրում՝ արյուն և քրտինք: Արյուն պիտի տաս, որ հարազատանա, դառնա քոնը, քրտինք պիտի տաս, որ քեզ կերակրի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը շատ արյուն ու քրտինք է տվել հողին, իսկ մնացած պատառիկները պահպանելու համար պետք է գործադրել ամեն ինչ:
«Այս չորս օրերը ապացուցեցին, որ թշնամին մնում է թշնամի: Գութ, բանակցություններ չկան: Լավագույն թշնամին սատկած թշնամին է: Առավելագույնը պետք է անել նրան սահմանից հեռացնելու ու ընդհարումները դադարեցնելու համար»,-ասաց նա:
Գասպարյանի խոսքով, մինչ ռազմական գործողությունները ինքը եղել է Մատաղիսում:
«Զրույցներից պարզ էր, որ նրանց դիվերսիոն խմբերը սահմանը հաճախակի են անցնում և մեծ վնասներ են պատճառում: Անգամ եղել է դեպք, որ տաքսիով երթևեկել են Ղարաբաղի մեջ, և վարորդն է խոսակցականի երանգներից գլխի ընկել, որ սրանք մերոնք չեն: Հետո պարզվել է, որ իրոք, այդ խմբերի անդամներ են»,-ասաց նա:
Գրականագետն ասաց, որ վերջին օրերին շատերի նման մղկտացել է ամեն զոհվածի համար, հեռակա կարգով մխիթարանքի խոսքեր հղել նրանց ծնողներին:
«Բայց երևակայեք, խորքում չկա ավելի մեծ բան, քան հայրենիքի համար տված կյանքը: «Վասն Հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար»: «Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, հազարն էլ սրտանց քեզ մատաղ կանեմ»: Գալիս է ճակատագրական պահը, նոր ես հասկանում, որ սրանք ճշմարտություն են»,-նշեց գրականագետը:
Վերջին օրերին հայերի ցուցաբերած միասնությունն ու միաբանությունը նրան հիշեցրել է Չարենցի խելագարված ամբոխների, էպոսի Սասնա ծռերի մասին. «Մեր Սասնա ծռերի այդ ծուռ ոգին է, որ աշխարհ կկործանի, բայց այդ ամենը պետք է ամրապնդվի մի կողմից զենքով, մյուս կողմից՝ դիվանագիտությամբ: Մենք պետք է ունենանք ազգային ծրագիր, որը գործի Հայաստանում ու դրա սահմաններից դուրս»: