Եվրոպայի խորհուրդն ընդունել է լրագրողներին և մամուլի ազատությունը պաշտպանելու ուղեցույցներ
Եվրոպայի խորհուրդն այսօր ընդունել է ուղեցույցների մի ամբողջություն, որի նպատակն է ապահովել 47 անդամ երկրներում լրագրողների և մամուլի ազատության պաշտպանությունը։
ԵԽ որոշումներ կայացնող մարմին հանդիսացող նախարարների կոմիտեն իր ընդունած առաջարկությամբ պետություններին խրախուսում է վերանայել ազգային օրենսդրությունները, որպեսզի այն համահունչ լինի Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիային, ասվում է ԵԽ կայքում։
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ասել է․ «Լրագրողներն ու մամուլի ազատությունը էական դեր են կատարում յուրաքանչյուր գործող ժողովրդավարությունում։ Նրանց պետք է թույլ տալ՝ ուսումնասիրել իշխանության ներկայացուցիչների գործունեությունը և բացահայտել կոռուպցիան։ Մեր պարտականությունն է պաշտպանել խոսքի ազատությունն ու լրագրողներին»։
Ուղեցույցները պարունակում են հատուկ միջոցներ, որոնք պետք է կիրառվեն պետությունների կողմից՝ կանխելու մամուլի ազատության նկատմամբ բռնությունները, ներառյալ լրագրողնեերի նկատմամբ ֆիզիկական բռնությունները, արդյունավետ պաշտպանել լրագրությունն ու լրագրողներին, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկել լրագրողների նկատմամբ հանցագործություն կատարողներին։