Տեղի է ունեցել «BrainLab» բիզնես հարթակի առաջին հանդիպումը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) սկիզբ է դրել նոր, «BrainLab» կոչվող հարթակի գործարկմանը: «BrainLab»-ը բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատ է: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:
ԻՏՁՄ տարածած հաղորդագրության համաձայն, «BrainLab»-ի առաջին հյուրն ամերիկյան հանրահայտ «Կալիքս» ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ Դեյվիդ Սեդան է: «Կալիքս» ընկերությունը հեռահաղորդակցության և ծրագրային ապահովման առաջատար մատակարարներից է: Մինչ այս, Դեյվիդը Սեդան 12 տարի աշխատել է Apple ընկերությունում՝ որպես մարքեթինգի պատասխանատու, զբաղեցրել է նաև Cisco և Hewlett Packard ընկերությունների վաճառքի և մարկետինգի տնօրենի պաշտոնը:
«BrainLab» առաջին հանդիպմանը մասնակցել են BSC, CQG, EIF, Harmonia Foundation, Macadamian, Monitis, PicsArt, Ucom, VOLO, ինչպես նաև միջոցառման աջակից ArmAs ընկերությունների ներկայացուցիչները:
ԻՏՁՄ-ի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Առաջիկայում «BrainLab»-ում կհյուրընկալվեն տեխնոլոգիական շուկայի առաջատար այլ ընկերությունների մասնագետներ: