Արտակ Մանուկյանը Միքայել Մելքումյանին մեղադրում է գրագողության մեջ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին մեղադրում է գրագողության մեջ։ Ըստ նրա, Միքայել Մելքումյանը յուրացրել է, ապա որպես սեփական մտքի արգասիք է ներկայացրել գազի համար սեզոնային սակագին սահմանելու իր առաջարկը։ Այս առաջարկն Արտակ Մանուկյանն արել է ապրիլի 8-ին՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած գազի հարցի քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաև Միքայել Մելքումյանը։ Քննարկման առարկան Ռուսաստանի սահմանին գազի գնի իջեցումն էր, և Արտակ Մանուկյանն ասաց հետևյալը․ «Գազի սպառման մոտ 65 տոկոսը բաժին է ընկնում չորրորդ ու առաջին եռամսյակներին։ Ավելի նպատակահարմար կլինի, որ այս եռամսյակների համար ավելի ցածր գին սահմանվի, իսկ երկրորդ և երրորդ եռամսյակների համար, երբ գազ քիչ է օգտագործվում, սահմանվի ավելի բարձր սակագին»։ Միքայել Մելքումյանի խոսքում այս մասին ոչինչ չկար, սակայն նույն օրը, «Հայկական ժամանակի» հարցերին պատասխանելով, պատգամավորն առաջարկել է սեզոնային սակագներ սահմանել: Օրինակ՝ ձմռանը ամառվա համեմատ էժան սակագնի սահմանում։... Միքայել Մելքումյանին թերթը զանգահարել է մի քանի անգամ՝ լսելու, թե հնարավո՞ր է, որ նույն միտքը երկուսի գլխում էլ ծնվել է, և ինչ է ինքը մտածում այս ամենի մասին։ Բայց նա Ղարաբաղում է և անհասանելի է։ Պատասխանին կսպասենք»։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։