Սոլովյով. Հայաստանը կարող է երես թեքել Ռուսաստանից
Ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնկված ռազմական գործողություններին և այդ ամենի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ շեշտելով, որ պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է Հայաստանին փոխարինող լինել:
«Հետաքրքիր է, որ մենք չենք քննարկում այն հարցը, թե ով է սկսել այն։ Օրինակ` Ուկրաինայի պարագայում ասում ենք, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լուգանսկի ու Դոնեցկի հետ, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մինչև հիմա չի բանակցում: Ինչու է մեզ մոտ նման երկակի ստանդարտներ գործում: Մենք հիմա կորցնում ենք թե՛ մեկին և թե՛ մյուսին: Ինչո՞ւ մենք չենք ցանկանում տեսնել գլխատված հայ զինվորների, գերեվարման ու մարդկանց խոշտանգման մասին փաստական ռեպորտաժները: Գիտակցում եմ, որ պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը, բայց ինչ է՞, դա մի թե նշանակում է, որ ճշմարտությունն այլևս ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Սոլովյովը:
Վերջինս ընդգծել է, որ ճշմարտության մասին պետք է խոսել, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օբյեկտիվ պատկեր ստանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Վերլուծաբանը նաև խիստ քննադատության է ենթարկել բոլոր այն փորձագետներին, ովքեր շտապել են Ադրբեջանի գործողություններին հաղթական բնորոշումը տալ:
«Ոչ մի բլից կրիգ էլ չստացվեց: Ավելին ասեմ, նույնիսկ դրա նման բան էլ չստացվեց: Հետևաբար այս կապակցությամբ դիրքորոշումներն ինձ զարմացնում են: Ինչ է՞ հիմա էլ պետք է մեր վերջին ընկերոջը կորցնենք, մեր իրական ընկերոջը: Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ վայրենի արագությամբ թուրք պաշտոնյաների այցեր են տեղի ունենում։ Հետևաբար, գոնե ինքներս պետք է պատասխանենք մի պարզ հարցի` որտե՞ղ են մեր ազգային շահերը»,- հարցադրում է հնչեցրել Սոլովյովը:
Վերլուծաբանի խոսքով, այս ամենը բերում է նրան, որ Հայաստանը կարող է երես թեքել Ռուսաստանից, ինչն Ռուսաստանի համար շատ բացասական կլինի: Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Արցախ հարաբերությունների միջև՝ Սոլովյովը նշել է, որ իրավիճակները շատ նման են:
«Նկատեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ փակուղու առաջ չի կանգնեցնում ու չի սպառնում ճանաչել ԼՂ-ի անկախությունը, որի դեպքում Ռուսաստանն արդեն ստիպված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակում պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Եվ պատկերացրեք հայերի արձագանքը, երբ մեր պաշտոնյաները հանգիստ հայտարարում են, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: Իսկ գուցե զենք մատակարարելու հետ մենք նաև նախապայմաններ էլ դնենք»,- նշել է Սոլովյովը:
Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի տնտեսական տեսանկյունից ձեռնտու գործընկեր է Ռուսաստանի համար, սակայան դա դեռ չի նշանակում, որ կոռումպացված էլիտաների շահերի բավարարումը հավասարազոր է ՌԴ ազգային շահերի բավարարմանը:
«Այո՛, ես հասկանում եմ, որ չի կարելի վիճել Ադրբեջանի հետ։ Բայց ի՞նչ է դա նշանակում, մենք պիտի դավաճանե՞նք ՀԱՊԿ մեր դաշնակցին։ Օրինակ` Թուրքիան հրապարակայնորեն հայտարարեց, որ աջակցելու է Ադրբեջանին, իսկ մենք հանդես եկա՞նք նմանատիպ հայտարարությամբ մեր դաշնակցի վերաբերյալ։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Դա Հայաստանի տարածքն է, իսկ ՀԱՊԿ-ն դրա վերաբերյալ լռեց, կարծես ոչինչ չնկատեց,- ամփոփել է Վլադիմիր Սոլովյովը: