Վանիկ Ավետիսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Ռոստամ Կարապետյանը գրավեց 11-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց 69 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 11 մարզիկ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ալբանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:
Հայաստանի ներկայացուցիչներից Վանիկ Ավետիսյանին պոկում վարժության ժամանակ միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց բարձրացնել 137 կգ ծանրաձողը. առաջին վարժությունից հետո նա 9-րդ տեղում էր: Ռոստամ Կարապետյանը պոկեց 136 կգ և 12-րդ հորիզոնականում էր:
Հրում վարժության ժամանակ Ավետիսյանը բարձրացրեց 175 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Կարապետյանը բարձրացրեց 160 կգ:
Երկամարտի 312 կգ արդյունքով Ավետիսյանը 5-րդ տեղում է, իսկ Կարապետյանը 293 կգ-ով` 11-րդ:
Ապրիլի 13-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ: «C» ենթախմբում կմրցի 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Կանանց 63 կգ քաշային կարգում «A» ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը: