«Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը»․ դպրոցականների մրցույթ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
Ինչպես տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, մրցույթը հնարավորություն կտա միջին և ավագ դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:
Պաստառներում կարող են ներկայացվել`
• նկարներ, պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ,
• ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն ԴԿՄ էլ. հասցեին:
Պաստառները պետք է ներկայացվեն մինչ ապրիլի 24-ը: Մասնակից բոլոր դպրոցներում ապրիլի 25-27-ը կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես։
Երևանում կկազմակերպվի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված և լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները՝ խրախուսական մրցանակներ ստանալու համար:
Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին: