Պահանջում ենք. Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
ՌԴ դեսպանատուն հասած երթի մասնակիցներին դիմավորեցին շենքի դիմաց հասարակական կարգը հսկող ոստիկաններ: Բողոքի ակցիայի մասնակիցները բանակցություններից հետո կարողացան անցնել փողոցն ու հասնել շենքի դիմաց:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ներկայացրեց վերջին հարյուր տարվա ընթացքում կնքված մի քանի պայմանգրերի անուններ ու տարեթվեր.
«1921 մարտի 16: Մոսկվայում ստորագրվում է Լենինի, Աթաթյուրքի խայտառակ պայմանգիրը, համաձայն որի Արևմտյան Հայաստանը հանձնվում է Թուրքիային: 1921 թվականի հուլիսի 5: Ստալինի գլխավորությամբ չեկիստական բոլշևիկների կովկասյան բյուրոն հանձնում է Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը Ադրբեջանին: Զանգեզուրը շնորհիվ Նժդեհի դիմադրության, մնում է հայկական ու պահպանում է կենսական սահաման Հայաստանի և Իրանի միջև»:
Խզմալյանը հիշեցրեց 1988-ի սումգայիթյան ջարդերը, «երբ 3 օր սովետական բանակը ջարդերին չի միջամտում»:
Այնուհետև ընթերցեցին հայտարարությունը, որով պահանջեցին «կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»:
Սրան հետևեցին քաղաքացիների բացականչությունները՝ «Պահանջում ենք, պահանջում ենք»:
Հայտարարության մեջ նշվում էր. «Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ պատրանք է ձևավորվել, որ ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է: Ուղղահայց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հռետորաբանությունը իրականացվել է` օգտագործելով քարոզչական բոլոր միջոցները:
Մինչդեռ, ի հակառակ այդօրինակ հավաստիացումների, տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչե համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկե ծանր հրանետներ:
Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց:
Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին:
Ավելին՝ անցած տարիներին Ռուսաստանն իր վերնոշյալ և այլ քայլերով թուլացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը կառավարելու և նոր պատերազմները կանխելու դերակատարումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան