Հայաստանի բնակչությունը ծերացման է գնում. մասնագետ
ՀՀ ժողովրդագրությունը անկախությունից հետո բավական մեծ փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում եղել են բացասական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ մինչ անկախությունը՝ 1989-1990 թվականները, Հայաստանում տարեկան արձանագրվում էր 81 հազար ծնունդ, մինչդեռ անկախացումից հետո տարեկան գրանցվում է մոտավորապես 40-42 հազար ծնունդ: Այսինքն՝ մոտ երկու անգամ անկում է ապրել ծնելիության գործակիցը:
«Դա նշանակում է, որ ծնելիության գործակիցն էլ 2,2-2,3-ից անկում է ապրել մինչև 1,5 կամ 1,6 երեխա` մեկ կնոջ հաշվով»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:
Ըստ նրա՝ այս իրավիճակին գումարվեց նաև սեռային անհամամասնությունը, որն առավելապես շեղում արձանագրվեց 1993 թվականից սկսած: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ:
«Արդյունքում, 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը»,- ասաց նա:
Գարիկ Հայրապետյանի խոսքերով, ՄԱԿ-ի հիմնադրամի կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ սեռային անհամամասնությունը սկզբում արձանագրվել է 1993-ից սկսած, ինչը պայմանավորված էր ուլտրաձայնային հետազոտության հասանելիությամբ: Արդյունքում, տղա սեռով պայմանավորված ծնունդների գերակայությունը հանգեցրեց այս պատկերին:
«Մինչ 1993 թվականը 3 երեխա ունեցող ընտանիքների թիվը ևս բարձր էր: 60 տոկոսից ավելի ընտանիքներում վերջին երեխան տղա էր, քանի որ զույգերն ունենում էին այնքան երեխա, մինչև իրենց ցանկալի սեռը լիներ»,- նշեց նա:
Ըստ նրա՝ եթե նման սեռային անհամամասնությունը շարունակվի, ապա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր:
Ժողովրդագրական խնդիրներից մեկն էլ այն է, որ ծերացման է գնում Հայաստանի բնակչությունը:
«Հայաստանում 63 տարեկանից բարձր բնակչությունը կազմում է 12.6 տոկոս, մինչդեռ 13 տոկոսի դեպքում բնակչությունը համարվում է ծերացած»,-ասաց Գ.Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ հասարակության ծերացման երևույթին նպաստում են ինչպես ծնելիության անկումը, այնպես էլ ակտիվ տնտեսական ու վերարտադրական տարիքի բնակիչների արտագաղթը. «Բնակչության ծերացումը խնդիր է, ուստի պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն»: