Նորիկի շիրմափոսը Երանոսի երիտասարդները հողով լցրեցին ձեռքերով
«Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր անհուն կսկիծով ու հպարտորեն դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ, Արցախում թշնամուն դիմակայելիս զոհված Նորիկ Զավենի Սարգսյանին:
Նորիկ Սարգսյանը հուղարկավորվեց հայրենի Երանոսի գերեզմանոցում, զինվորական ու եկեղեցական կարգով, պատվո համազարկերի ու ռազմի երաժշտության հնչյունների ներքո»,-նշված է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական էջում:
Տեղեկանում ենք նաև, որ հուղարկավորությանը մասնակցում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երանոսի և մերձակա համայնքների բազմաթիվ բնակիչներ, հերոսի ծառայակիցներն ու դպրոցական ընկերները, հարազատները:
Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվները: Նորիկի աճյունը գյուղի երիտասարդները տարան ձեռքերի վրա, իսկ շիրմափոսը հողով ծածկեցին ձեռքերով` այդպես արտահայտելով իրենց հարգանքն ու խոնարհումը հերոսի հանդեպ:
«Սիրելի ծնող Զավեն, այսօր քո զինվոր որդին նաև մեր որդին է, ով սահմանի վրա արյուն թափեց, որ թշնամին ոտք չդնի մեր սրբազան հողը, և իր նահատակությամբ նա միացավ մեր մյուս հերոս նահատակներին: Թալիշի ավերումը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի տան պատերից քարեր են ընկել, մեր ընդհանուր հայրենիքն է վտանգվել: Խոնարհվում ու համբուրում եմ այս սուրբ գերեզմանը, որտեղ հանգչում է մի հերոս, ում սխրանքին ողջ ազգն է երախտապարտ: Երնեկ այն մորը, որ այսպիսի զավակ է ծնել, որի առաջ համայն հայությունն է խոնարհվում»,-թաղման կարգ կատարելուց հետո նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր-Սիմոն քահանա Մկրտչյանը:
Զսպելով անհուն հուզմունքը՝ հուղարկավորության մասնակիցներին դիմեց Նորիկի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
«Սիրելի հայրենակիցներ, սփոփված եմ ձեզնով, ձեր մխիթարական խոսքերով, աջակից լինելու պատրաստակամությամբ, նաև նրանով, որ կարողացա հայրենի հողին հանձնել իմ հերոս զավակին: Ես հինգ որդի ունեմ, որոնցից երկուսը ծառայել են Հայոց բանակում, երկուսն էլ դեռևս պետք է ծառայեն, մեկն էլ մատաղ եղավ իր հայրենիքին:Իմ զավակի մահով ավելի սրբացավ մայր հողը, որը պաշտպանել պարտավոր ենք բոլորս, և ոչ թե պետք է գաղթենք ու գնանք այս հողից, այլ պետք է վերադառնանք ու որդուս պես կրծքով պաշտպանենք մեր հայրենիքը»,-ասել է Զավեն Սարգսյանը:
Հետմահու Նորիկ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի: