Ադրբեջանը ԵԽԽՎ-ում կրկին փորձում է վերագտնել Ուոլտերի զեկույցով տապալվածը
ԵԽԽՎ գալիք նստաշրջանը ևս թեժ է լինելու, որտեղ հակահայկական գործընթացներն արդեն իսկ սկսվել են. Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 22-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրակարգի նախագծում առաջարկվել էր ընթացիկ հարցերի տակ ներառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում։
Ապրիլի 11-ին ԵԽԽՎ կայքում հրապարակված օրակարգի նախագծում թեմատիկ քննարկումն առաջարկվել էր անցկացնել բավական անկողմնակալ վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան»։
Սակայն նախօրեին, ԵԽԽՎ կայքում հայտնվեց նոր հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ԵԽԽՎ-ն ստացել է ընթացիկ հարցերի քննարկման համար երկու առաջարկ՝ առաջինը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» և երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»։
Երկրորդ վերնագրով քննարկման անցկացման առաջարկը, արդեն իսկ պարզ է, որ արվել է Ադրբեջանի պատգամավորների և, չի բացառվում նաև, եվրոպացի կաշառված պատգամավորների կողմից, որում իր ներդրումն է ունեցել նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։
Սա այն ձևակերպումն է, որը Ադրբեջանը ամեն կերպ փորձում է անցկացնել ԵԽԽՎ-ում, ինչը դեռևս չի հաջողվել։
Հիշենք, ԵԽԽՎ 2015թ․-ի ամառային նստաշրջանը, երբ քննարկվում էր «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որի համահեղինակն էր Պեդրո Ագրամունտը։ Զեկույցի առաջին իսկ պարբերության մեջ Ագրամունտը գրել էր, թե «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին»։ Ագրամունտն այս զեկույցը ներկայացնելիս իր գործընկերներին կոչ արեց, որ զեկույցում կարող են փոխել ամեն ինչ, բայց ոչ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթումը»։ Բարեբախտաբար, դրույթը ներկայացված փոփոխությունների ընդունման արդյունքում հանվեց՝ վերաձևակերպվելով՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»։
ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակերպումը ներկայացրել էր նաև բրիտանացի տխրահռչակ պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, ով զեկույց պատրաստեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»։ Այս զեկույցի ճակատագիրը ևս հայտնի է բոլորին։ Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ուոլտերի զեկույցը վեհաժողովում մերժվեց 66 կողմ, 70 դեմ և 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այս անգամ ևս ԵԽԽՎ-ն մերժեց Ադրբեջանի կողմից ներկայացված այս ձևակերպումը։ Իսկ, թե ինչ կլինի գալիք նստաշրջանում, պարզ կդառնա մի քանի օրից։
Ընթացակարգային առումով, ԵԽԽՎ բյուրոն մինչև նստաշրջանի բացումը պետք է քննարկի ներկայացված 2 առաջարկները և որոշում կայացնի, թե որ վերնագրով է անցկացվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկումը և ներկայացնի վեհաժողովին։ Բյուրոն կարող է նաև հանդես գալ այլ առաջարկով, որը բյուրոյում հաստատվելու դեպքում կներկայացվի վեհաժողովի հաստատմանը։
Վեհաժողովի անդամները, սակայն, իրավունք ունեն դեմ հանդես գալ բյուրոյի որոշմանը, որը քվեարկության արդյունքում կարող է ընդունվել կամ ոչ։
ԵԽԽՎ օրակարգի հաստատումը տեղի է ունենում նստաշրջանի բացման սկզբում, որի ժամանակ էլ կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկման վերնագիրը, որը, հաստատման դեպքում, տեղի կունենա ապրիլի 21-ին։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին