Գառնի գյուղի բնակիչներն ու բնապահպանները ոտքի են կանգնել, փակել ճանապարհը
Այսօր վաղ առավոտից Գառնիի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղին,որոնց միացել են բնապահպան ակտիվիստները՝ պահանջելով դադարեցնել Ազատի կիրճի ավիրումը: Տեղական իշխանություններից ոչ ոք չի եկել ակցիայի վայր և բանակցություններ չի վարել բնակիչների հետ:
Այս պահին բնակիչների մոտ է գնացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին բնակիչները փորձում են ներկայացնել իրավիճակը:
Նրանք նշում են, որ Ազատի կիրճ է մտել ծանր տեխնիկա, որը առաջ գնալով ավիրում է կիրճի ամենահայտնի տեսարժան վայրերը, ոչնչացնում է ծաղկող ծառերը:
Բնակիչներն ու բնապահպանները նաև պնդում են, որ հեկտարներով վարելահողերին ոռոգման ջուր մատակարարող խողովակները կտրել են ու իրենց ջուր չի հասնում, հողերը չորացած են:
Բանն այն է, որ կառավարության որոշմամբ, Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը, ինչի դեմ էլ բողոքում են:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով, Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներում փաստացի ոռոգվում է 1232,0 հա տարածք, Ազատ գետի ջրի շնորհիվ կոռոգվի եւս 387 հա տարածք:
Գառնի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 600 հա, որից 367 հա` վարելահող, 51 հա` այգիներ, 12,5 հա` խոտհարք, տնամերձեր՝ 151 հա, որոնք ոռոգվում են Ազատ գետի ջրով: Գառնի համայնքն ունի չոռոգվող ևս 600 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի ոռոգումը չի ապահովել դրանց բարձրադիր գոտում գտնվելու պատճառով:
Գառնիի համայնքապետարանը նույնպես ցանկանում է ավելացնել իր ոռոգելի տարածքները, սակայն դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Այս դեպքում նախապատվությունը տրվում է, ոչ թե Գառնիի լրացուցիչ 600 հեկտար հողատարածքը ոռոգելուն, այլ Արարատի մարզի 387 հեկտարին:
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը պետք է կառուցվի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագրի պատասխանատուն ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան