Շարմազանովը փոխել է կարծիքը Տեր-Պետրոսյանի մասին
Պետության և հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահը իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ ու որպես պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Փառք Աստծո գործող երրորդ նախագահն էլ ընդունեց առաջին նախագահի առաջարկը, նրանք հանդիպեցին: Տա Աստված, երկրորդ նախագահն էլ միանա նրանց: Այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձևավորելն է: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է», -հայտարարեց պաշտոնյան:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու այդքան կտրուկ փոխվեց Շարմազանովի կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, քանզի մինչ այդ առաջին նախագահին նա համարում էր «քաղաքական թոշակառու»:
«Իմ կարծիքը կտրուկ փոխվեց կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, ես երևույթին եմ գնահատական տվել և նախկինում, և հիմա: Շատ փոքր մարդ եմ, որ իմ երկրի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին գնահատական տամ: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, նրանք իմ երկրի նախագահներն են», -հավելեց Հանրապետականը:
Նրա խոսքով, այլ ճանապարհ չկա և պետք էր միավորվել՝ մոռանալով ներկուսակցական տարաձայնությունները «երկրի համար դժվար իրավիճակում»: Ավելին, ըստ ԱԺ փոխնախագահի, պետք է դասեր քաղել ստեղծված իրավիճակից:
«Այս չորսօրյա պատերազմը նաև լավ դաս էր բոլորիս համար, այո, հիմա համերաշխության, դասեր քաղելու ժամանակն է: Պետք է առանց զգացմունքների նաև իշխանությունը դասեր քաղի: Ինչպես առաջին նախագահը նշեց, հիմա հաշիվ պահանջելու ժամանակը չէ, բայց երբ ասում ենք հաշիվ պահանջելու ժամանակը չէ, դա չի նշանակում, թե ամեն ինչ պետք է հալած յուղի տակ անցնի: Պետք է սթափ բոլորս մանրամասն մտածենք», -հավելեց իշխանության ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան