Թշնամու տանկեր ու ուղղաթիռ ոչնչացրած հերոսները պարգևատրվել են ավտոմեքենաներով
Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիները այսօր ՊԲ ներկայցուցչին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում խոցել են ադրբեջանական 2 ուղղաթիռ, 5 տանկ և 1 ՀՄՄ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով զինվորներին, մասնավորապես ասել է. «Հպարտանում ենք ձեզնով և մեր բոլոր այն հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»:
ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, ով ադրբեջանական ագրեսիայի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ, լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել նվերի համար:
«Երբ խոցում էի թշնամու տանկերը, այդ պահին մտածում էի թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»,- ասել է Մ. Պետրոսյանը:
ՊԲ զինծառայող Նարեկ Մալխասյանը, ում ևս հաջողվել է թշնամու ուղղաթիռ խոցել, ասել է, որ շնորհակալ է նման գնահատանքի արժանանալու համար:
«Ամեն ինչ մենք արել ենք մեր հայրենիքի համար: Ուրախ եմ, որ բացի իմ ընտանիքից իմ արարքի համար կարողացել եմ ուրախացնել մեր ժողովրդին: Հպարտ եմ դրա համար, հպարտ եմ իմ ընկերների համար և խոնարհվում եմ մարտերում զոհված մեր բոլոր զինվորների հիշատակի առաջ»,- ասել է Ն. Մալխասյանը:
Լուսանկարները՝ «Արցախպրես»-ից:
Հարակից հրապարակումներ`
- «Հերոսի տատը»
- Ժամկետային զինծառայողը պատմում է, ինչպես է խոցել ադրբեջանական ուղղաթիռը
- «Ուզում եմ, որ մեր զոհված զինվորների ծնողներն իմանան, որ իրենց որդիները հերոսներ են». Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան