Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին
Բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:
Նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմի հետևանքով Արցախի ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու: Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են Արցախին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:
Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490 հազար դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին