ՌԴ-ում առևտրային ցանցերը խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Շաբոյան
Հայաստանի արտահանող ընկերությունները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների: Երևանում ընթացող ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով նիստի ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ առաձնակի կարևորելով արտահանման խոչընդոտների բացահայտումը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսվարողների վարքագծի վրա:
Ա.Շաբոյանի խոսքով, հայկական մի շարք ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ:
«Մատակարար հայկական ընկերությունների հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ իրենց պայմաններն են թելադրում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջիններն ավելացնում են իրենց մարժան, ինչն էլ ազդում է ապրանքի վերջնական գնի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերում մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում են ապրանքի դիմաց վճարման ժամկետները:
Նա ընդգծեց, որ առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այլ նաև անորոշ իրավիճակի մեջ է գցում հայկական արտահանող ընկերություններին:
«Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք այս երևույթները, քանի որ արտահանման խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների համար»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ա.Շաբոյանն ասաց, որ ռուս գործընկերները համաձայնվել են համընդհանուր ուսումնասիրություն իրականացնել ՌԴ տարածքում խոշոր սուպերմարկետների, մանրածախ առևտրական գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, որպեսզի բացահայտեն խնդիրները:
Նիստի ընթացքում նա առաջարկեց անդամ երկրներում միասնական տեղեկատվական կենտրոններ ստեղծել, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ կպարունակեն և կլինեն հասանելի բոլոր տնտեսվարողների համար:
«ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում մրցակցությունը խթանելու համար անհրաժեշտ է ներմուծման և արտահանման ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողներին»,- ասաց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսվարողները շահագրգռված են տնտեսական գործունեություն իրականացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում, սակայն շատ հաճախ չեն տիրապետում այդ պետություններում առևտրատնտեսական գործունեություն իրականացնելու օրենսդրական պահանջներին:
Նշենք, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է այս տարի: