Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել
Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
«Երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում ենք առանց անզգայացման: Երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, կանգնում, կամաց-կամաց պետք է քայլեցնենք: Հիմա քայլակի օգնությամբ են փորձում քայլել»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը՝ հավելելով, որ նոր վիրահատությունների անհրաժեշտություն էլ չկա:
Նրա խոսքերով՝ երբ տեսնեն, որ երեխաները կարողանում են հենակներով միայնակ քայլել, դրանից հետո միայն նրանց հիվանդանոցից դուրս կգրեն:
«Մինչև վստահ չլինենք, երեխաները հիվանդանոցից դուրս չեն գրվի»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:
Նշենք, որ ապրիլի 4-ին էլ 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան