«Հարավկովկասյան երկաթուղի»-ն չի պահպանում գնումների օրենսդրության պահանջները. Ա.Շաբոյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը մենաշնորհային դիրք է գրավում Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում, չի պահպանում գնումների օրենսդրության պահանջները: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա, ընկերությունն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ, ինչպիսի պայմաններով ապրանքներ, ծառայություններ ձեռք բերի:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե անգամ մրցույթներ են անցկացվում, շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում, արդյունքում ընկերությունը հաղթող է ճանաչում այնպիսի ընկերությունների, որոնք ավելի բարձր գին են ներկայացնում»,- ասաց Ա.Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, կոնցեսիոն համաձայնագրով նախատեսված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներդրումներ իրականացնի Հայաստանում: Ուսումնասիրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ շատ դեպքերում ներդրումների ծավալն ուռճացված է, ներդրումների մեջ ընկերությունը ներառում է նաև իր կողմից իրականացվող վարչական ծախսերը, որոնք ընթացիկ ծախսեր են, չեն կարող ներդրումներ համարվել:
«Այսպիսի և էլի մի շարք խնդիրներ ենք բացահայտել, ուղարկել ենք Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, որն ուսումնասիրություն է սկսկել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը համարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունը: Մեր աշխատակիցները Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության աշխատակիցների հետ ներկայումս համատեղ ուսումնասիրություններ են իրականացնում»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նա տեղեկացրեց, որ ՌԴ հակամենաշնորհային մարմինը նախատեսում է այս տարվա հունիսին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդրում հանդիպում կազմակերպել, որին մասնակցեն ՀՀ ՏՄՊՊՀ, «Հարավկովկասյան երկաթուղի», «Ռուսական երկաթուղիներ» և ՌԴ հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչները, որպեսզի համատեղ քննարկվի այս հարցը:
Նշենք, որ այսօր Երևանում կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի ժամանակ այս խնդրի մասին նա խոսեց: Ա.Շաբոյանը ներկայացրեց նաև ռուսական UT-Air ավիաընկերությանը կողմից թույլ տրված խախտումները:
Արդեն լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ավիաընկերության վարքագծի անբերախիղճ մրցակցային գործունեության դրսևորում էին բացահայտել, անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել էին ռուս գործընկերներին, որոնք համապատասխան ուսումնասիրություններ էին սկսել, որի հետո ընկերությունը դադարեցրել էր իրավախախտ գործունեությունը ՀՀ տարածքում:
«Գնագոյացման խնդրի ուսումնասիրության արդյունքում էինք վարույթը հարուցել: Ընդհանուր գնագոյացման հաշվարկներ էինք իրականացրել»,- շեշտեց Ա.Շաբոյանը:
Նա նշեց, որ իր ղեկավարած մարմնի հիմնական նպատակն է բարելավել մրցակցային դաշտը՝ այդպես նպաստելով ՀՀ-ում ավիաընկերությունների թվի ավելացմանը, որի արդյունքում կմեծանա մրցակցությունը, կնվազեն նաև տոմսեի գները: