Չենք համարում, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ակտուալ է. Հերմինե Նաղդալյան
«Մենք չենք համարում, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցն ակտուալ է»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունների հետ կապված հնարավո՞ր է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի:
Նրա խոսքերով՝ իրենք համարում են, որ ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց արգումենտների, ուստի, ըստ նրա, այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ԵՏՄ-ի հասցեին, այնքան էլ տեղին չեն:
«Բնական է, մենք հասկանում ենք ենթատեքստում ինչ է: Փորձում են հակաետմական հայտարարություններ և մտադրություններ սերմանել, բայց մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ կարճ կենսագրություն, որպեսզի վերջնականապես կայացած լինի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորված լինի համագործակցությունը: Բնական է, որ այդ պետությունները ունեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերի շուրջ, տարբեր շահեր, տարբեր բարեկամներ, տարբեր մտածողություն: Ժամանակ է պետք, որ այն կայանա և մշակվեն միասնական մոտեցումներ: Ուստի համարում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելն իսկապես առողջ ընտրություն է և ապագա ունեցող, և մենք շարունակելու ենք մեր մասնակցությունն այդ Միությունում»,- ասաց Հերմիեն Նաղդալյանը: