Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն դաշնակցային են, այլև ունեն իրավապայմանագրային հիմքեր. Նալբանդյան
«Հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի»,-Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում անդրադառնալով ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարությունների առիթով հայ հասարակության շրջանում առաջացած դժգոհություններին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների խորքայնությունը՝ Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5րդ արձանագրությունը»: Այս շարքը կարելի է շարունակել»:
Ինչ վերաբերում է շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների հետ կապված ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ցուցաբերած չեզոքությանը, նախարարը նշեց, որ շուտով մեզ մոտ նախատեսվում է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպում և այդ հարցը նորից բարձրացվելու է: «ՀԱՊԿ-ի շրջանակներում կառույցի գագաթաժողովները և արտգործնախարարների խորհուրդները բազմիցս հայտարարություններ են արել, որոշումներ են ընդունել, որտեղ հստակ նշված է ՀԱՊԿ անդամ երկրների մոտեցումը, դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Խոսքը գնում է եռանախագահող երկրների ջանքերի աջակցության, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, եռանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարությունների աջակցության մասին: Շատ հստակ է դա: Եթե այդ անդամ երկրներից որևէ մեկն ինչ-որ տեղ սայթաքում է անում կամ այլ դիրքորոշումներ է արտահայտում, ապա այդ շրջանակներում մենք հիշեցնում ենք, որ ունենք ընդհանուր՝ նախագահների մակարդակով կոնսենսուսով ընդունված մոտեցումներ, և անգամ այդ ընդունված որոշումների հիման վրա հանձնարարականներ են տրված անդամ երկրների դեսպաններին, որպեսզի գործեն դրա հիման վրա՝ նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները»,-ասաց Նալբանդյանը: